կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-25 14:15
Քաղաքական

1 հոգի դեմ է եղել, որ Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցնենք. ԵԿՄ փոխնախագահ

1 հոգի դեմ է եղել, որ Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցնենք. ԵԿՄ փոխնախագահ

Երեկ ԵԿՄ արտահերթ նիստ է գումարվել, ու քննարկվել է Մանվել Գրիգորյանի՝ որպես ԵԿՄ նախագահի լիազորությունները կասեցնելու մասին հարցը: «Միայն մեկ անձ է դեմ եղել այս որոշմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ մանրամասներ ներկայացնելով նիստի վերաբերյալ:

Նա նշեց, որ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուն դեմ է եղել նրա փաստաբանը, ով նաև ԵԿՄ անդամ է: «Նրա փաստաբանը՝ Գուրգեն Գրիգորյանը, դեմ էր: Դե, նա փաստաբան է, ասում էր, որ սպասենք դատական գործընթացի ավարտին, քանի որ անմեղության կանխավարկած գոյություն ունի»,- ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ ԵԿՄ նիստի ժամանակ  7 փոխնախագահներին հանձնարարվել է նախապատրաստել վարչության նիստ, որի ժամանակ էլ կհայտարարվի ԵԿՄ համագումարի մասին:

Հարցին, թե խոսակցություններ են պտտվում ԵԿՄ-ի լուծարման մասին, նման բան հնարավո՞ր է, Հայրապետյանը պատասխանեց, որ ԵԿՄ-ի լուծարումը դատական կարգով կարող է լինել: «Կյանքում ամեն ինչ հնարավոր է, բայց դա երկրապահի սրտով չէ: Յուրաքանչյուր ոք ազատ է ինչ-որ բան առաջարկել, սակայն ինչո՞ւ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, մեկ անձի համա՞ր: ԵԿՄ-ն բանակի հիմքն է: Չեմ կարծում, որ դատարանը նման որոշում կկայացնի»,- ասաց նա:

Մեկ այլ հարցի` բացառո՞ւմ է, որ ԵԿՄ-ից Մանվել Գրիգորյանին աջակցողներ են եղել, որպեսզի հայտնաբերվածը՝ սնունդ, հագուստեղեն, դեղորայք, տեղափոխեն նրա ամառանոցը, Հայրապետյանը պատասխանեց, որ չի կարող ասել: «Պարզ է, որ այդ ամենն ինչ-որ մեկն արել է՝ բարձել են, տեղափոխել, բայց թե այդ մարդը ԵԿՄ-ի՞ց է, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի փաստաբաններից մեկի հայտարարությանը, թե նրան անազատության մեջ պահելը խոշտանգում է, ապա ԵԿՄ փոխնախագահը նշեց, որ Գրիգորյանն, այո, երկու բարդ հիվանդություն ունի: «Նրա մի թոքը հեռացված է, նա քաղցկեղ ունի: Բացի այդ՝ նաև շաքար ունի»,- ասաց Հայրապետյանը: