Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակը» գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում նախընտրական տրամադրություններն ու տրամաբանությունը եկել են ավելի շուտ, քան արտահերթ ընտրության շուրջ ժամկետների և պայմանների մասին քաղաքական ուժերի համաձայնությունը: Այլ կերպ ասած՝ ներկայիս իրավիճակում կարծես թե շաբաթը ուրբաթից շուտ է եկել, և համաձայնության կառավարությունում տեղի են ունենում առաջին աղմկոտ անհամաձայնությունները, ընդ որում, թե´ հենց կառավարության, թե´ խորհրդարանի իմաստով:
Մենք ընդամենը նախօրեին մեր հոդվածներից մեկում արձանագրել էինք, որ խորհրդարանում տեղի է ունենալու վճռորոշ ճակատամարտը, այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն դադարեց լինել մեծամասնություն և, փաստորեն, մեծացրեց դրանով ԲՀԿ ձայների նշանակությունը նոր կառավարության համար, միևնույն ժամանակ, իհարկե, ԲՀԿ-ին դնելով արդեն այդ կառավարությանը բացահայտ ընդդիմանալու անհրաժեշտության առաջ:
Եվ երեկ, ըստ էության, խորհրդարանի հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները գրոհել էին կառավարությանը՝ «Բարեգործության մասին» օրենքի առիթով, որը դիտարկում են «թիվ մեկ բարեգործ» Գագիկ Ծառուկյանի դեմ քայլ: Իհարկե, օրենքը մշակել է նախորդ կառավարությունը, սակայն այն ԱԺ է ներկայացրել ներկայիս կառավարությունը: Միտումնավո՞ր է արվել դա, թե՞ պարզապես, այսպես ասած, արագության բերումով, երբ որևէ մեկը նոր կառավարությունում չի էլ նկատել խնդրի քաղաքական ենթատեքստը: Սակայն եթե կար նման հավանական թյուրիմացություն, ապա «Ծառուկյան» դաշինքը կարող էր նախ փորձել, այսպես ասած, համաձայնության խողովակներով հասկանալ, թե ինչ է կատարվել, և եթե կառավարությունը օրենքի նախագիծը հետ չկանչեր, նոր միայն ձեռնամուխ լիներ գործնականում վերջնագրային տոնով հայտարարություններին:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները հայտարարել են, որ կառավարության բերած օրինագիծը ոչ թե Գագիկ Ծառուկյանի դեմ է, այլ բարեգործության կարիք ունեցող քաղաքացիների, և նրանց ցույց են տալու կառավարության դուռը: Սա վերջնագիր է կամ շանտաժ, և եթե անգամ կառավարությունն իր գլխակորույս խնդիրների թոհուբոհում չի նկատել, թե ինչ է տարել խորհրդարան, ապա «Ծառուկյան» դաշինքի ելույթներից հետո արդեն ստեղծվել է վիճակ, երբ նահանջը, ըստ էության, կնշանակի լոկալ պարտություն դաշինքին, ինչը թավշյա հեղափոխության թիմի համար կլինի առաջին պարտությունը: Իսկ մինչ «Ծառուկյան» դաշինքի հետ խնդիրը, կառավարությունում, ըստ էության, զուգահեռ խնդիրներ առաջացան ՀՅԴ-ի և ինչ-որ իմաստով նաև «Լուսավոր Հայաստան»-ի հետ, որի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ներդրմանը դեմ լինելով՝ հրաժարական տվեց այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվեց հետաձգել, և հայտարարեց, որ ուղղակի պարտադրված է ներդնել այդ համակարգը՝ կանգնած լինելով նախորդ կառավարության արդեն սկսած լինելու փաստի առաջ:
Սակայն Մանե Թանդիլյանի հրաժարականին նախորդել էր նաև հայտարարությունը, որ «Ելք» դաշինքում քննարկվում է ընտրություններին միասնական, թե առանձին մասնակցելու հարցը: Մանե Թանդիլյանի հրաժարականը կարող էր վկայել, որ ՔՊ թիմը մերժում է միասնական մասնակցությունը: Իհարկե, Թանդիլյանը դուրս է եկել նաև «Լուսավոր Հայաստան»-ից, բայց այն, որ տրամադրությունները այդպիսին են, երևի թե հուշում է նաև ԼՀ կուսակցությունից պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությունը, թե առանձին գնալու դեպքում «Ելք»-ի որևէ ուժ չի հաղթի: Այս հայտարարության քաղաքական համարժեքությունը, մեղմ ասած, խնդրահարույց է, սակայն տվյալ պարագայում հատկանշական է, որ անգամ «Ելք» դաշինքի կուսակցությունն է, կամա թե ակամա, վերջնագրային տոնով խոսում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ՝ նկատելով կամ չնկատելով այդ տոնը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: