կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-11 22:27
Արցախ

Արցախում չկան այնպիսի դրսեւորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ. Բակո Սահակյան

Արցախում չկան այնպիսի դրսեւորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ. Բակո Սահակյան

Այսօր Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է վերջին օրերին Արցախում ստեղծված ներքաղաքական վիճակին: Բակո Սահակյանի խոսքով`  բողոքի ակցիայի հենց առաջին իսկ պահից ինքը  անմիջապես արձագանքել է  մասնակիցների պահանջներին: Մի շարք հանդիպումներ է  ունեցել ակցիայի կազմակերպիչների հետ, որոնց ժամանակ անկեղծ եւ բաց մթնոլորտում քննարկվել են նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերը: Հետագայում ունեցան այլ զարգացումներ: Տեղի ունեցան ցույցեր եւ առաջ քաշվեցին այլ պահանջներ:

«Ցավոք, մենք նաեւ ականատես եղանք մի խումբ անձանց կողմից մարդկանց արդարացի պահանջների քաղաքականացմանն ու շահարկումներին: Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը՝ ուզում եմ նշել, որ մեր պարագայում դա իսկապես հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ միայն ամուր, կուռ, համախմբված ու միասնական հասարակությունը կարող է լուծել այնպիսի բարդ ու կարեւորագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջեւ՝ լինի դա ներքին, թե արտաքին ասպարեզներում: Անթույլատրելի եմ համարում ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը հենց այդպես էլ մտածում է, ինչի համար ես շատ ու շատ շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ»,- ասել է Բակո Սահակյանը:

Նրա կարծիքով` Արցախում չկան այնպիսի դրսեւորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ: Փաստերը հետեւյալն են. տեղի է ունեցել ցավալի միջադեպ, ինչին հաջորդել են բողոքի ակցիաներ, բայց այն շրջանակներում, որոնք հեռու են նման որակումներից: Բակո Սահակյանը համոզվածություն է հայտնել, որ կայուն ու հանդարտ վիճակը Արցախում  կպահպանվի այսուհետ եւս:

« Մենք չպետք է թույլ տանք շահարկումներ, որոնք ենթադրում են քանդել եղածը, այլ ոչ թե պահպանել ու ավելացնել կառուցածը: Ասածիս վառ ապացույցն է, որ հենց նման կառուցողական ճանապարհով են գնում շատ ու շատ պետություններ, եւ առաջին հերթին՝ առաջադեմ ու քաղաքակիրթ երկրները, որոնք ընտրել են կայուն, անցնցում եւ շարունակական զարգացման ուղին»,- ասել է Բակո Սահակյանը: