Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական ազդեցություն ընդհանրապես չպետք է լինի համալսարանում, դա անթույլատրելի է և շատ ավելի վատ հետևանքների է հանգեցնում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ կապված միջադեպին` նա ասաց, որ այս ամենը հետևանք է նաև այն բանի, որ ՄԻՊ-ի ասածները չեն արվել:
Հիշեցնենք, որ ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը, արդյունքում` նրա սրտի պրոբլեմ է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց:
«Ես ուզում եմ արձանագրել, որ ԲՈւՀ-ում սովորող ուսանողն իրավունք ունի հայտնելու դժգոհություն, որն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, սա միանշանակ է, բայց պետք է դա արվի` կոնկրետ մարմիններին դիմելով»,- ասաց ՄԻՊ-ը:
Հարցին՝ Սիմոնյանի իրավունքները խախտվե՞լ են, նա արձագանքեց. «Սա իրավունքների խախտման հարցը չէ, խնդիրը հետևյալն է՝ կրթության իրավունքի ապահովման հարց է, կրթական պրոցեսի և մայր ԲՈւՀ-ի հեղինակության հարց է: Դրա համար ես նշում եմ, որ եթե ռեկտորը թույլ է տվել խախտումներ, պետք է տարվի քննություն, և եթե քննության ընթացքում ի հայտ կգան թերություններ, խախտումներ, պետք է նրան ենթարկել պատասխանատվության: Սա է իրավական պետության կարևոր գաղափարը»:
Նրա խոսքով՝ իր իրավասության մեջ չէ գնահատել կոնկրետ պաշտոնատար անձի լիազորությունների հետ կապված իրավունքների հարցը, բայց այդ ամենն ազդում է համալսարանի հեղինակության վրա: «Այնտեղ աշխատող բազմաթիվ արժանապատիվ մարդիկ կան: Սա հեղինակության հարց է: Միջազգային կառույցներն արդեն սկսում են հետաքրքրվել կրթական վիճակով, իսկ դա անհանգստացնող է: Ես պետք է նշեմ, որ բոլորն արագացման մեթոդով պետք է աշխատեն, պետք է հստակ գործի իրավունքի գերակայության սկզբունքը, և այդ նպատակի համար ստեղծված մարմինների կողմից պետք է տարվի քննություն: Ես պատրաստվում եմ դիմել ԿԳ նախարարին, այլ իրավասու մարմիններին, տեսնեմ՝ պրոցես կա՞, թե՞ չկա, որովհետև եթե ուսանողները դժգոհություն են բարձրացնում, ու դա չի քննվում, նշանակում է` ուսանողների իրավունքներն էլ են խախտվում»,- ասաց Թաթոյանը, ապա խնդրեց ուսանողներին և բոլորին` շարժվել իրավական պետությանը համապատասխան: