Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ապացուցվի, թե Մասիսի քաղաքապետն ու նրա տեղակալը որևէ մեկին ապտակել են, մի հատ քար են նետել, ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ այդ կարծիքին կլինի: Այդ մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և նրա օգնականը` ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով:
Ի դեպ, ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ երաշխավորագիր էին ստորագրել նրանց բաց թողնելու համար, որում ասվում է, թե ձերբակալվածները չեն խոչընդոտի քննությանը: Այդ պատգամավորներից է նաև Մուրադ Մուրադյանը, ով քաղաքապետի մտերիմն է և համագյուղացին:
Հարցին՝ հանիրավի՞ են մեղադրել քաղաքապետին, նա պատասխանեց, որ այսօր ամեն ինչ պարզ կդառնա, այսօր լրանում է ձերբակալման 72 ժամը, կլինի դատական նիստ, և ամեն ինչ պարզ կդառնա:
«Ես Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ ծնված ժամանակվանից: Եես միակ պաշտոնյան եմ երևի էս երկրում, որ ապրել և ապրում եմ գյուղում: Դավիթ Համբարձումյանը շատ համեստ, հանգիստ, խելոք տղա ա, հիմա Ռեմբոյի արկածներից եք պատմում ոնց որ: Ես զարմանում եմ, որ ինքն այդքան բանի ընդունակ ա: Կարող եք ամբողջ բնակչությանը հարցնել, թե Դավիթ Համբարձումյանն ինչպիսի քաղաքապետ է եղել, և նախկիններն ինչպես են աշխատել, կարող եք գնալ ու ժողովրդից հարցնել»,- ասաց նա:
Մուրադյանը նշեց, որ օբյեկտիվ քննություն է ուզում: «Այսօրվա դրությամբ ոչ մի փաստ ես չեմ տեսել, չեմ լսել նրա մեղավորության մասին, եթե կլինի, կտեսնենք: Պատգամավորների խնդրանքն ընդամենը եղել է այն, որ երաշխավորել ենք, որ երբ նա դուրսը մնա, քննությանը չի խոչընդոտի»,- պարզաբանեց պատգամավորը՝ խորհուրդ տալով մինչև երեկո համբերել, և ամեն ինչ պարզ կլինի:
Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ Դավիթ Համբարձումյանին լավ է ճանաչում, նա ընդունակ չէ նման բաների, որ վերագրում են նրան: «20 հոգի խաչմերուկ էին փակում, տեղյակ էիք, հիմա տեղյակ չե՞ք, որ հազարավոր մարդիկ քաղաքապետի համար ճանապարհ են փակում: Գնացեք, հարցրեք՝ խի՞ են փակում»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ իր ու իր ընտանիքի մասին էլ էին լրագրողները շատ բաներ գրում: «Բա խի՞ կրվան դատարանում այդ լրագրողները: Նարկոտիկի, բանի մասին գրում էին: Էն վախտ սաղ Հայաստանն իմացավ, որ ես յանիմ նարկոտիկ էի օգտագործում, երեխու մասին ինչ ասես գրեցիք, ես էլ ասեցի լրագրողներին, որ էդ պատվիրատուի ծնողներն են նարկոման: Ո՞ւմ ա պետք, եթե հիմա հերքել եք, էսի արդարությո՞ւն ա: Ես էլ կարամ իրանց մասին շատ բան ասեմ, հետո ասեմ՝ հերքում եմ, ճի՞շտ ա դա: Դրա համար ասում եմ՝ մեկ օր համբերենք, էլի: Ես ձեզ չասեցի` ինքը 100% արդար ա, 100% մեղավոր ա, բայց ես չեմ հավատում, որ ինքը էդքան բանի ընդունակ ա: Ես կյանքում ձեռս սիգարետ չեմ բռնել, բայց նենց բաներ գրեցիք` յանի սաղ օրը մեր տուն նարկոտիկ են բերել»,- ասաց Մուրադյանը: