կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-02 17:24
Հասարակություն

Իջևանի «Աբիսողոմ աղայի» քամելեոնական արկածներից

Իջևանի «Աբիսողոմ աղայի» քամելեոնական արկածներից

Լուսանկարում ներկայացվածը Իջևանի թիվ 3 դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանն է: Նա Փաշինյանի յուրաքանչյուր հանրահավաքին ներկայանում է՝ «զինված» մի շարք աշխատակիցներով և բարեկամներով: Մարտիմեկյան հանրահավաքը ևս բացառություն չէր: Հրայր Պողոսյանը եկել էր՝ ասելով, թե՝ պետք է քեզ նեղություն տաս, որ գաս ու սատարես նորմալ իշխանությանը: 

Հիշեցնենք, որ Հրայր Պողոսյանը նշյալ դպրոցի տնօրեն է դարձել նախկին իշխանությունների օրոք, ինչը մեծ դժգոհության տեղիք է տվել իջևանցիների շրջանում: Քանի որ Հրայր Պողոսյանը ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր և չուներ գրագիտության ու մասնագիտական պատրաստվածության աստիճան, մարդիկ արդարացիորեն բողոքում էին ՀՀԿ-ից՝ նման թեկնածուի առաջադրման համար:

Արդեն կարիք էլ երևի չկա նշելու, որ Հրայր Պողոսյանը 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ջանք ու եռանդ չի խնայել՝ սատարելու ՀՀԿ-ին՝ լինելով տարածքային պատասխանատուներից մեկը: Զավեշտն այն է, որ, որպես իշխանական-ՀՀԿ-ական «մարդու», ժամանակին Հրայր Պողոսյանի դեմ դպրոցի կոլեկտիվի և մի խումբ ծնողների կողմից հայտարարություն է տպագրվել ոչ այլ տեղ, քան Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:

«Աբիսողոմ աղային հիշեցնող տնօրեն. իջեւանցիները բողոքում են դպրոցի տնօրենից ու դիմել են ԿԳՆ» վերտառությամբ հայտարարության մեջ, ի թիվս այլ հիմնավոր մեղադրանքների և տնօրենի անգրագիտությունը մատնանշող փաստերի, նշված էր նաև, որ Հրայր Պողոսյանը «…դպրոցը դարձրել է սեփականություն: Աշխատանքի է ընդունել իր ընկերներին, ընկերների կանանց, եղբոր կնոջը, հորաքրոջ հարսներին, իսկ իր «ծանոթուհուն» ընդունել է ներառական ծրագրում որպես հատուկ մանկավարժ եւ հաճախակի պարգեւատրում է: Առանց մրցույթի ուսուցիչ է ընդունել աշխատանքի, որի համար  տեսչության ստուգումից հետո նկատողության չի արժանացել: Երկար դասամիջոցներին փակում է դպրոցի դռները, որպեսզի սեփական բիզնեսը ծաղկում ապրի…»:

Սույն պարոնը վերընտրվում է դպրոցի տնօրենի պաշտոնում արդեն 2020 թ.՝ նոր իշխանությունների «բարձր հովանու» ներքո, ինչը կրկին դժգոհությունների առիթ է տվել կոլեկտիվի և իջևանցիների շրջանում, և այդ անհարթ վիճակը պահպանվում է մինչ օրս: Պարզապես կոլեկտիվից խնդրեցին անուններ չհրապարակել, քանի որ Պողոսյանի՝ կոլեկտիվին Երևան՝ Փաշինյանի հանրահավաքին բերելու ժամանակ ավելի է սրվել իրադրությունը (մարդիկ հրաժարվել են գալ):  

Ստացվում է՝ Հրայր Պողոսյանը մասամբ ճիշտ է ասում՝ նախկին իշխանությունները շատ վատն են եղել, որ իր նման քամելեոնին, որն ընդամենը բոքսի մի քանի կանոնի է տիրապետել կամ, ինչպես ինքն է ժամանակին նշել, բացի «շվիշտոկից», ուրիշ ոչինչ չի իմացել, առաջադրել են դպրոցի տնօրենի պաշտոնում:

Եվ սույն պարոնն իրեն իրավունք է վերապահում բողոքելու անցյալից և պայքարելու հանուն «նոր» Հայաստանի: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են…

 

Վ. Սարգսյան