Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստան աննախադեպ քանակությամբ «կոկաին» տեսակի թմրանյութ ներկրելու համար ձերբակալված իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյին հանրային պաշտպան է տրամադրվել: Նրա շահերը ներկայացնում է Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Արթուր Ալիխանյանը, որը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ դեռևս քննչական գործողություններ չեն կատարվել: Նա հրաժարվեց հայտնել` արդյո՞ք իր վստահորդն ընդունել է մեղքը, թե՞ ոչ` պատճառաբանելով, որ դա նախաքննական գաղտնիք է:
Ալիխանյանը նաև հայտնեց, որ Հայաստանում Իտալիայի դեսպանը տեղյակ է դեպքից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունն ԱԱԾ-ի հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կանխել էր 3 կգ «կոկաին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Մաքսանենգը` իտալացի Դի Սիմոնե Վալերիանոն, թմրամիջոցի խոշոր խմբաքանակը տարանցիկ փոխադրմամբ Հայաստան էր տեղափոխել Դոմինիկյան Հանրապետությունից: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի խոսքով` հայտնաբերված 3 կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցը աննախադեպ քանակ է Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում: