կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-16 12:18
Քաղաքական

Մենք ունենք մեսիջ, որ այլ պետություններ ևս կբարձրացնեն դրույքաչափերը, ինչը կազդի մեր քաղաքացիների վրա. Շավարշ Քոչարյան

Մենք ունենք մեսիջ, որ այլ պետություններ ևս կբարձրացնեն դրույքաչափերը, ինչը կազդի մեր քաղաքացիների վրա. Շավարշ Քոչարյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Կառավարությունն առաջարկում է փոփոխել օրենքի 14.3 հոդվածը և շարադրել հետևյալ կերպ. «Փոխադարձության հիման վրա՝ օտարերկրյա պետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում, կարող են սահմանվել պետական տուրքի այլ դրույքաչափեր»:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը փոփոխության անհրաժեշտությունը բացատրեց նրանով, որ կարող է լինել իրավիճակ, երբ մեզ մոտ դիրույքաչափն ավելի բարձր է, քան այդ երկրներում: «Մենք ունենք մեսիջ, որ այլ պետություններ ևս կբարձրացնեն դրույքաչափերը, ինչը կազդի մեր քաղաքացիների վրա»,- ասաց նա:

Հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, դեմ չէր առաջարկվող փոփոխությանը, սակայն հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ խնդիր կա: «Մինչև վերջերս գործում էր իրավական ակտերի մասին օրենքը, որում ասվում էր` բացառապես օրենքով է կարգավորվում հարկերի, տուրքերի չափը, հետևաբար` այդ դրույթը փոխանցել կառավարությանը՝ հակասում է այս օրենքին»,- բացատրեց նա:

Հարությունյանը միևնույն ժամանակ վկայակոչեց Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետը և նշեց, որ կառաջնորդվեն Սահմանադրության այդ հոդվածով: «Այդտեղ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքի համապատասխան հարկեր, տուրքեր, բայց չափի մասին Սահմանադրությունը չի ասում: Քանի որ ունենք նախադեպ` օրենքով սահմանված կարգով, օրինակ` համայնքի համար սահմանել տեղական տուրքի սեփական դրույքաչափ՝ առաջնորդվելով Սահմանադրության հենց այդ հոդվածով, ապա կարող ենք պետական տուրքերի սահմանման իրավաչափությունը տրամադրել կառավարությանը»,- նշեց նա:

Շավարշ Քոչարյանը համաձայնեց: Հարությունյանը նաև նշեց, որ հիմնական ձևակերպման մեջ պետք է գրվեր հետևյալը՝ առավելագույն դրույքաչափը չգերազանցող դրույքաչափեր:

Նշենք որ կառավարության առաջարկում ասվում էր. «Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև միմյանց քաղաքացիներից գանձվող պետական տուրքերի առնչությամբ փոխադարձության կիրառման պայմանավորվածության և նպատակահարմարության դեպքում Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից պետական տուրքի՝ օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում այլ դրույքաչափի սահմանման հնարավորությունը»:

Փոխարտգործնախարարն ասաց, որ սկզբունքորեն դեմ չէ, բայց գուցե անհրաժեշտ է մի անգամ էլ նայել:

«Վաղուց պետք է նայած լինեիք, պարո'ն Քոչարյան: Առաջարկում եմ այս առաջարկություններով դնել քվեարկության: Երեկ երեկոյան համաձայնեցրել ենք ԱԳ նախարարի հետ»,- հակադարձեց Հարությունյանը:

Հարցը միաձայն դրական կարծիքով կներկայացվի առաջիկա քառօրյային: