Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքային քննարկում են ունեցել: «Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին մենք պատրաստ ենք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հիմա չի աշխատում կառավարության ծրագրի վրա, այլ աշխատում է իր ելույթի վրա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) հնարավոր է դառնա առաջին փոխվարչապետ, Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի»:
Նա շեշտեց. «Ուզում եմ ընդգծել, որ չենք պատրաստվում վենդետաների: ՀՀ-ում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է»:
Հարցին` մարտի 1-ի դեպքո՞վ էլ վենդետաներ չեն լինի, Փաշինյանը պատասխանեց, որ արդեն ասաց` ոչ մի հարցով չի լինելու վենդետա: Նա հավելեց, որ «խաղի կանոնները» պարզ են լինելու բոլորի համար, իսկ դա օրինականությունն է:
Հարցին` իսկ քննություններ լինելո՞ւ են, արձագանքեց, որ հանրությունը կստանա իր բոլոր հարցերի պատասխանները: «Այն մթնոլորտը, որ այսօր կա ՀՀ-ում, չպիտի խաթարվի, բայց դա չպիտի նշանակի, որ խնդիրները՝ օրենքի առաջ բոլորի հավասարության, չեն լուծվելու»,- հավելեց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն հիշեցրեց իր հայտնի հայտարարությունը, որ մայիսի 8-ից հետո մենաշնորհներ չեն լինելու: «Ես քանի որ վարչապետ չեմ, չեմ ուզում հայտարարություններ անել, իսկ իմ ընտրվելուց հետո պետք է հետևենք, կտեսնեք, որ մենաշնորհներ չեն լինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հավանականությանը, ապա հայտնեց, որ այս պահին այդ հարցը չի քննարկվում: