կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-30 17:31
Քաղաքական

Ի՞նչ ունենք, չունենք. Արա Բաբլոյանի բլից հարցերը՝ Փաշինյանին

Ի՞նչ ունենք, չունենք. Արա Բաբլոյանի բլից հարցերը՝ Փաշինյանին

Այս օրերին Դուք ունեի՞ք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն. Փաշինյան-ՀՀԿ հանդիպման ժամանակ նման հարց ուղղեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Նա հորդորեց հարցին պատասխանել շատ կարճ՝ այո կամ ոչ:

Փաշինյանը պատասխանեց՝ այո:

Բաբլոյանը հարցրեց նաև` արդյո՞ք այս օրերին խոսքի ազատություն ունեցել է Փաշինյանը: Նա նշեց, որ ինչպես այս օրերին, այնպես իր ողջ կյանքում ունեցել է խոսքի ազատություն:

Բաբլոյանի հաջորդ հարցն այսպիսին էր՝ այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն ազատ արտահայտելու իրավունք:

«Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք»,- պատասխանեց Փաշինյանը:

Բաբլոյանը հետաքրքրվեց նաև, թե, Փաշինյանի կարծիքով, ժողովուրդն ունե՞ր նաև հավաքներին ազատ մասնակցելու իրավունք:

Փաշինյանը պատասխանեց` այո, ինքը համարում է, որ ժողովուրդն ուներ այդ իրավունքը, և ուրախ է, որ ստեղծվել է նման հնարավորություն:

«Իսկ այս ամենն արդյո՞ք ժողովրդավարության դրսևորում է»` Բաբլոյանի հարցին Փաշինյանը պատասխանեց` այո, աներկբա:

«Դուք համարում եք, որ այս ամենի հնարավորությունն առաջացել է 2008-ից հետո՞» հարցին Փաշինյանը պատասխանեց. «Ոչ: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ քաղաքացին վեր է կացել և նվաճել իր ազատությունը: Եթե դուք ակնկալում եք, որ մենք պետք է որևէ մեկին դրա համար շնորհակալություն հայտնենք, մենք էլի, քաղաքավարությունից ելնելով, կարող ենք շնորհակալություն հայտնել, բայց դա ՀՀ ժողովրդի և քաղաքացու ձեռքբերումն է, հնարավորությունը, որը նրանք ստեղծել են սեփական ձեռքերով»:

Բաբլոյանն արձագանքեց, որ ժողովուրդը կգնահատի այդ ամենը և իր տված հարցերը: «Այսինքն՝ մենք կարո՞ղ ենք ժողովրդի ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում»,- հարցրեց նա:

«Այո, ունենք դրական տեղաշարժ, և ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար»,- ասաց Փաշինյանը: