կարևոր
2581 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-10 15:15
Քաղաքական

Ալիև-Փաշինյան բանակցությունները փակուղո՞ւմ են

Ալիև-Փաշինյան բանակցությունները փակուղո՞ւմ են

Տևական ժամանակ է թ՛ե Արևմտուտքին և թ՛ե Մոսկվային չի հաջողվում Ալիևին ու Փաշինյանին նստեցնել նույն սեղանի շուրջ։

Բաքվի բռնապետը չմասնակցեց հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, պատճառաբանելով, թե չեն մասնակցել, քանի որ համաձայնություն չի տրվել, որ Թուրքիան էլ մասնակցի հանդիպմանը։

Իհարկե, Ալիևի չմասնակցելը որևէ խոչընդոտ չստեղծեց Փաշինյանի համար, նա գնաց և մեկ անգամ էլ վերահաստատեց՝ ընդունում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Հետո էլ Հայաստանի 8 գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու հարցը բերեց օրակարգ։ Ինչո՞ւ Ալիևը իր ծանր տեղը թեթևացներ, երբ գործընկեր Փաշինյանն իր փոխարեն խոսում էր՝ հօգուդ Բաքվի։

Հետո ԵՄ խորհրդի նախագահ Միշելը հոկտեմբերի վերջին Ալիևին ու Փաշինյանին հրավիրեց Բրյուսել՝ եռակողմ հանդիպման։ Բաքուն հայտարարեց, թե պատրաստ է շարունակել քննարկումները Բրյուսելում, բայց անհասկանալի պատճառներով այդ հանդիպումն էլ չկայացավ։

Այնուհետև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին պատրաստակամություն հայտնեց Փաշինյանին ու Ալիևին հյուրընկալել Վրաստանում։ Բաքուն պատրաստակամություն հայտնեց Վրաստանում բանակցություններ վարել Երևանի հետ, Երևանից արձագանք չեղավ։

Հոկտեմբերի 13-ին էլ ՌԴ նախագահ Պուտինը Բիշքեկում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ասաց, որ պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագիր կնքելու հարցում և առաջարկեց բանակցություններն անցկացնել Մոսկվայում։ Ռուսաստանի նախագահը հայտարարեց՝ բանակցություններ կարող են տեղի ունենալ ցանկացած ձևաչափով։ Սակայն այս առաջարկ էլ մնաց օդում կախված։

Նախօրեին ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարեց, որ միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Իրենք էլ հույսով սպասում են, որ նոր հանդիպում տեղի կունենա։

Ստացվում է՝ Փաշինյանը կրկին մանիպուլացնում է հայ հանրությանը, թե հնարավոր է մինչև տարեվերջ ստորագրվի այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը», քանի որ պարզից էլ պարզ է՝ Ալիևը ցանկություն չունի փաստաթուղթ ստորագրելու և իր ծավալապաշտական նկրտումները կաղապարների մեջ դնելու համար։

Փաստաթղթի ստորագրումը կարող է որոշակի զսպող գործոն լինել Ալիևի համար, ինչը, բնականաբար, իր սրտով չէ, Բաքվի բռնապետը դեռ Փաշինյանից ստանալու բաներ ունի։

Մի բան հստակ է՝ Ալիև-Փաշինյան բանակցությունները փակուղում են։

Անի Նահապետյան