կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-14 13:30
Հասարակություն

Մեր աչալրջության շնորհիվ ձախողվեցին դիակները տանելուն ուղղված` հակառակորդի հետագա փորձերը. Կարապետ Կարապետյան

Մեր աչալրջության շնորհիվ ձախողվեցին դիակները տանելուն ուղղված` հակառակորդի հետագա փորձերը. Կարապետ Կարապետյան

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում շարունակում ենք ներկայացնել դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Կարապետ Առաքելի Կարապետյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է հայ-հունական պետական քոլեջում որպես գինեգործ-տեխնոլոգ: Զորակոչվել է ժամկետային զինծառայության 2016 թվականին: Նա հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնողներից մեկն է:

«Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կանխելու և նրանց ոչնչացնելու ընթացքում մեզ անգնահատելի օգտակար եղան գիշերային տեսանելիության սարքերը: Բացի հակառակորդին հայտնաբերելուց և գործողությունները վերահսկելուց, այդ սարքերի միջոցով մենք կարողացել ենք ուղիղ նշանառության տակ առնել դիվերսանտներին և ոչնչացնել նրանց:

Հետևելով հրամանատարի ցուցումներին` ես և դիպուկահարը զբաղեցրել ենք կրակային դիրքեր և հրամանը ստանալուն պես սկսել ենք կրակել: Դիվերսանտներից մի քանիսին ոչնչացնելուց հետո, երբ մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդը սկսեց կրակ վարել, անվտանգության նկատառումներից ելնելով` հրամանատարի ցուցումով ես փոխեցի կրակային դիրքս: Այնուհետև սկսեցի օգնել դիպուկահարին` կողմնորոշելով նրան դիպուկ նշանակետ: Մեր աչալրջության շնորհիվ ձախողվեցին նաև դիակները տանելուն ուղղված նրանց հետագա փորձերը»,- փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի մասին իր հիշողություններով կիսվեց գնդացրորդ, շարքային Կարապետ Կարապետյանը` հավելելով, որ հավանաբար իրեն էր վիճակված արժանանալու այդպիսի պատվի՝ գործնականում կիրառելով տեսական գիտելիքներն ու ի ցույց դնելով հայրենիքին նվիրվածությունը, թեև ըստ նրա, բոլոր զինծառայողներն էլ նման կերպ կվարվեին:

Այդ օրը, ինչպես հայտնի է, հակառակորդը, ձախողվելով սեփական արկածախնդրության մեջ և մարտի դաշտում թողնելով հատուկ պատրաստություն անցած սեփական ասկյարների դիերը, նահանջել է: Շնորհիվ մեր տղաների աչալրջության, հակառակորդը ձախողվել է նաև գիշերվա ընթացքում մի քանի անգամ դիակները տանելու փորձում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչի շնորհիվ հաջողվեց բարձր մակարդակով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը, դիրքապահի կարծիքով, նախևառաջ զգոնության ու մասնագիտական պատրաստվածության: «Ներկայումս առաջնագծում առկա տեխնիկական միջոցները թույլ են տալիս հուսալի և անընդհատ դիտարկում իրականացնել, ժամանակին հայտնաբերել հակառակորդի խմբավորումները և քայլեր ձեռնարկել դրանց չեզոքացման ուղղությամբ»,- ասում է գնդացրորդ, շարքային Կարապետ Կարապետյանը` շեշտելով, որ այս գործողություններից իրենց մարտական ոգին ավելի է բարձրացել, ավելի փորձառու են դարձել, ավելի վստահ սեփական ուժերի նկատմամբ և ցանկացած պահի պատրաստ են ավելի մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին, կասեցնել ամեն մի նոր ոտնձգություն` անառիկ պահելով հայրենիքի սահմանները:

«Այստեղ մենք ոչ միայն մեր անձի համար ենք պատասխանատու, այլև բոլոր նրանց, ովքեր, վստահելով մեզ, արարում են խաղաղ պայմաններում: Ինչ վերաբերում է մարտական հերթապահության հավուր պատշաճի իրականացմանը, ասել է թե՝ հայրենիքի սահմաններն անառիկ պահելուն, ապա կարծում եմ, որ մեզ առաջադրված խնդիրները կատարելու համար, բացի զուտ պարտականությունները կատարելուց, կարևոր են նաև կոլեկտիվի մեջ առկա միջանձնային հարաբերությունները: Առանց համերաշխ ու կուռ կոլեկտիվի ոչ միայն մենք, այլև մյուս դիրքապահները չեն կարող կատարել իրենց առաջադրված խնդիրները»,- նշում է նա՝ վստահեցնելով, որ իրենք պատրաստ են խափանելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Կարապետ Առաքելի Կարապետյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

ՀԵՀ