Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունների հետ երկխոսություն սկսելու՝ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջարկը դեռեւս մնում է «մենախոսության» մակարդակում:
Արդեն մի քանի օր է՝ իշխանությունները, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ գրեթե բոլոր ներկայացուցիչներն ուղղակիորեն հայտարարում են, որ իշխանությունը Կոնգրեսի հետ երկխոսելու պատվիրակություն կազմել չի պատրաստվում, անգամ նման հարց չի քննարկվում: Եթե այսպես շարունակվի, առաջիկայում այդ մասին երեւի կսկսեն հայտարարել նույնիսկ ՀՀԿ-ական «ԺԷԿ-ի պետերը»:
Այս մերժումներին ՀԱԿ-ի պատասխանը, մեղմ ասած, պարզունակ է՝ ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք լուրջ կվերաբերվեն միայն անձամբ Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի մերժմանը: ՀԱԿ-ի կողմից հարցում ներկայացվող փաստարկը, թե բոլոր որոշումները կայացվում են միանձնյա՝ Սերժ Սարգսյանի կողմից, հիմնավոր է այնքան, որքան հիմնավոր է անգամ այն, որ ՀՀԿ-ական որեւէ տրամաչափի գործիչ ՀԱԿ-ի առաջարկած երկխոսության մասին ինքնուրույն որեւէ բառ չի կարող հայտարարել մինչեւ դա համաձայնեցված չլինի իշխանության ամենավերին մակարդակի հետ: Հատկապես, որ այսօր իշխանական պատվիրակության կազմման հնարավորությունը բացառողները մի շաբաթ առաջ շատ ոգեւորված էին խոսում հնարավոր երկխոսության մասին:
Այսինքն՝ իրականում Սերժ Սարգսյանը գոնե այսօր մերժում է Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը, ինչը, իհարկե, չի բացառում, որ ինչ-որ պահի իշխանությունը կարող է ընդունել այն: Խնդիրն այն է, որ, ի վերջո, այդ երկխոսությունը կկայանա: Հակառակ պարագայում ՀԱԿ-ն արդեն գոնե հրապարակած կլիներ այն քայլերը, որոնք պատրաստվում է իրականացնել նաեւ Ս. Սարգսյանի կողմից մերժման արժանանալու դեպքում:
Ակնհայտ է, որ այս իրավիճակում Ս. Սարգսյանը կարող է հավելյալ պայմաններ (ոչ հրապարակային) առաջադրել ՀԱԿ-ին՝ երկխոսությանը համաձայնելու դիմաց:
Ի դեպ, դժվար է հավատալ, որ Լ. Տեր-Պետրոսյանը կհրապարակեր ՀԱԿ բանագնացների կազմը, եթե համոզված չլիներ, որ իշխանությունը եւս դիմելու է այդ քայլին: Իսկ դա նշանակում է, որ անցած մի քանի օրերին կա'մ ինչ-որ բան է փոխվել, կա'մ իշխանությունը պարզապես ըմբոշխնում է ՀԱԿ-ի հետ «իրավահավասարության հաճույքը»: