Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնել ենք, որ այսօր` ժամը 12:00-ին, Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունը: Դրանից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ հիմա այն, ինչ կատարվում է Հայաստանում, առաջին անգամ է, որ պետք է տեղի ունենա:
«ԱԺ-ն է ընտրել նախագահին, դրա համար մենք ասում ենք, որ սա աննախադեպ է: Ըստ էության` նա չորրորդ հանրապետության առաջին նախագահն է: Մեծ են հույսերը, որովհետև այն փոփոխությունները, որ նախատեսել ենք իրականացնել այս համակարգային փոփոխությունների արդյունքում, մեծ մասով պայմանավորված են նախագահի պաշտոնով և այն անձով, որ պետք է հանդիսանա Սահմանադրության պահապանը: Այս լիազորության իրականացումից շատ բան է կախված՝ որքանով Սահմանադրությունը կյանքի կկոչվի, և անխափան տեղի կունենա այդ գործընթացը»,- ասաց պատգամավորը:
Նա չի կիսում այն կարծիքը, որ վիճահարույց մնաց Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը: «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն իսկապես կան: Այն հարցերը, որոնք բարձրացվել են, դրանց էլ պատասխան տրվել է: Չեմ կարծում, որ անընդհատ պետք է ականներ դնել նոր պաշտոնյաների տակ: Մենք չենք ունեցել նախադեպ, որ մի նախագահ ունենանք և նրա նկատմամբ կասկածանք չառաջացնենք: Նա 7 տարով է լինելու նախագահ, այլևս չի կարող առաջադրվել, և սա պատմական շանս է նրա համար, պետք է կարողանա իր անունը թողնել պատմության մեջ»,- ասաց Ռուստամյանը:
Ինչ մնում է վարչապետի թեկնածուի հարցին, նա ասաց, որ շատ քիչ ժամանակ մնաց, պետք չէ առաջ անցնել: «Մենք ասել ենք՝ կհարգենք ցանկացած որոշում, որ Հանրապետականը կկայացնի, որովհետև դա կոալիցիոն համաձայնագրով նախատեսված դրույթ է»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի` կոալիցիայի մաս կազմելու հավանականությանը, Ռուստամյանն ասաց, որ նման բան դեռ գոյություն չունի: «Ես երևի հեռու չեմ կանգնած այդ կոալիցիոն երևույթից, կարծում եմ՝ դրա մասին տեղյակ կլինեի: Կոալիցիա կլինի, թե` որևէ այլ համագործակցության ձև, մենք երբեք դեմ չենք որևէ քաղաքական ուժի հետ համագործակցելուն, եթե դա համապատասխանում է մեր նպատակներին և դրած խնդիրներին»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Փաշինյանի նախաձեռնությանը և հայտարարությանը, թե ԱԺ շենքն են շրջափակելու, խոչընդոտելու են պատգամավորների մուտքին նիստերի դահլիճ և մանակցությանը վարչապետի ընտրությանը, և պատասխանելով հարցին՝ եթե ՀՅԴ-ն փորձի խորհրդարան մտնել և տեսնի, որ ժողովուրդը փակել է խորհրդարանի մուտքը, ի՞նչ են անելու, Ռուստամյանն ասաց. «Այդ մոտեցումն ինքին հակաօրինական է, չի կարելի խոչընդոտել պատգամավորին` մասնակցել նիստին, սա ցանկացած պատգամավոր գիտի, դա պատգամավորի սրբազան իրավունքն ու պարտականությունն է, որը կանոնակարգով սահմանված է: Կոչ անել, որ որևէ ձևով չթողնեն պատգամավորին մասնակցել նիստին, դա ճիշտ մոտեցում չէ: Բայց ժողովրդին ակտիվացնելու տարբեր եղանակներ գտնելու քաղաքական պայքարը շարունակելն ամեն մեկի իրավունքն է, և Նիկոլ Փաշինյանն էլ ընտրել է այդ ձևը: Ես մեծ հույս և հավատ չեմ տեսնում, որ դա ներշնչի մյուսների մոտ, հակառակ պարագայում դա զանգվածային երևույթ կդառնար: Մարդիկ էլ հասկանում են, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանելու»:
Հարցին՝ եթե փակեն, ինչպե՞ս են մտնելու ԱԺ դահլիճ, ճանապարհներ նախատեսե՞լ է ՀՅԴ-ն, պատգամավորը կատակեց. «Եթե նախատեսված ճանապարհներն ասեմ, չեն թողնի էդ ճանապարհով մտնել»:
Նա նշեց, որ ամեն դեպքում մտնելու են ԱԺ: «Անկասելի է մեր ընթացքը, կմտնենք: Բոլոր ճանապարհները մեզ հայտնի են, ԱԺ` առնվազն հին պատգամավորները գիտեն՝ ինչպես մտնել»,- եզրափակեց Ռուստամյանը: