կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 15:16
Քաղաքական

Հիմա «լազեյկեք» եք փնտրում. ԲՈւՀ-ի խորհրդում կլինեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք

Հիմա «լազեյկեք» եք փնտրում. ԲՈւՀ-ի խորհրդում կլինեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շարունակվում է «Բարձրագույն կրթության մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորների ներկայացրած առաջարկների քննարկումը:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի առաջարկով` եթե ԲՈւՀ-ի խորհուրդը կազմված է 10 անդամից, ապա նրանցից 1-ը կարող է լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող, 20 անդամի դեպքում` 2-ը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դեմ էր այս առաջարկին: «Օրենքում մի լավ բան կար, դա էլ եք ուզում փոխել: Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում: Միջազգային կառույցների ասածն էլ չի կարող իմպերատիվ լինել մեզ համար: Հիմա «լազեյկեք» եք փնտրում»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ, իհարկե, ձևական էլ կարող են միջամտել ԲՈւՀ-ի աշխատանքներին, բայց գոնե իրավական ձևով կարգավորում կլինի:

Նշենք, որ ներկայացված օրենքում բացառվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ընգրկումը բուհի խորհրդի կազմում:

Հանձնաժողովի անդամ` ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը պնդեց Թովմասյանի առաջարկը և հետաքրքրվեց, որ եթե անձամբ ինքը լինի բուհի խորհրդի կազմում, իր աջակցությունը բուհին օգո՞ւտ է, թե՞ ոչ:

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ մասնագիտական աջակցությունը ԲՈւՀ-ին կարելի է որևէ ձևով ցանկացած պահի անել` առանց խորհրդի անդամ լինելու: «Դա կոռուպցիոն ռիսկերը կպակասեցնի»,- ասաց նա:

Սաղաթելյանը չհամաձայնեց`կարող է խորհրդի կազմում չլինել, բայց որոշումներին մասնակցել, ուստի սա թափանցիկ, ակնհայտ մասնակցություն է: «Եթե ձեր տարբերակն էլ լինի, միշտ ստվերային բնույթ է կրելու, հիմա ո՞րն է լավ»,- հարցրեց նա:

Առաջարկին կողմ էր նաև հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: «Այդ սահմանափակումը չպետք է լինի: Այդպիսով` անհրաժեշտ մարդկանց կարող է չկարողանանք խորհրդում ներառել»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը հակադարձեց, որ եթե այդպես է խոսում, ուրեմն այստեղ անիմաստ են նստել և ժամանակ վատնում: Ըստ նրա` այդ տարբերակով կարող են քվեարկել ու միանգամից ամբողջ փաթեթն անցկացնել:

«Չէ, Արարա'տ ջան, ուրիշ բաներ չխոսես: Դու մի' մտածի, որ մեր հանձնաժողովում մեկը հանկարծ կարող է իր ուզածն անցկացնել»,- ասաց Բոստանջյանը:

Առաջարկը դրվեց քվեարկության և դրական եզրակացության արժանացավ: «Հրայր Թովմասյանն անցավ»,- հայտարարեց Բոստանջյանը: ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն էլ կատակեց. «Հրայր Թովմասյանը վերջերս ուր ասես անցնում ա»: