կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-14 17:16
Մշակույթ

Երեք համերգ. «Գյուրջիև» անսամբլը մարտին հանդես կգա Երևանում, Պրահայում և Համբուրգում

Երեք համերգ. «Գյուրջիև» անսամբլը մարտին հանդես կգա Երևանում, Պրահայում և Համբուրգում

Մարտ ամսին «Գյուրջիև» անսամբլը հանդես կգա երեք համերգային ծրագրերով: Մեկնարկը կտրվի Հայաստանում, որտեղ մարտի 15-ին՝ ժամը 19:00-ին,  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա անսամբլի երկար սպասված համերգը: Կհնչեն Գյուրջիևի ստեղծագործություններից, ինչպես նաև Կոմիտասի «Յոթ պար» և «Մշո շորոր» ստեղծագործությունները՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ և փոխադրմամբ: Համերգային ծրագրում ընդգրկված է նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ «Գյուրջիև» անսամբլի և այս համերգաշարի համար գրված ստեղծագործությունը՝  «Տուն արի» վերնագրով:

Մարտ ամսին «Գյուրջիև» անսամբլը հանդես կգա ևս երկու համերգային ծրագրերով՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում և Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Պրահայում համերգը տեղի կունենա մարտի 27-ին Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցում: Համերգի վայրի ընտրությունը պատահական չէ, այն կարևոր շեշտադրում ունի. հենց այս երկու առաքյալներն էին Հայաստանում քրիտոնեության քարոզիչները: Հատկանշական է, որ համերգային ծրագրում ընդգրկվել է նաև Սուրբ Թադեոսին և Բարդուղիմեոսին նվիրված եկեղեցական կանոն:

Համերգային երրորդ ծրագիրը կկայանա Գերմանիայի Համբուրգ քաղաքում՝ Էլբֆիլհարմոնիա համերգասրահում, որն աշխարհի ամենամեծ ու լավագույն համերգասրահներից մեկն է: Համբուրգյան համերգը իրականացվելու է սիրիական «Հիուար» անսամբլի հետ համատեղ` մարտի 29-ին: Նշենք, որ համբուրգյան համերգի տոմսերը սպառվել են դեռևս ամիսներ առաջ:

 «Գյուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը նշում է, որ համատեղ համերգ ունենալու գաղափարն առաջացել էր դեռևս 2015-ին, իսկ ոգեշնչման աղբյուրը եղել է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը: «Սիրիական պատերազմը փախստական դարձրեց բազմահազար սիրիացիների, բայց մոտ մեկ դար առաջ հենց սիրիացիները փրկեցին ու ապաստան տվեցին Ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի: Այս ծրագրի միջոցով ցանկանում ենք մեր երախտագիտության խոսքն ուղղել և խաղաղություն մաղթել սիրիացի ժողովրդին: Սա նաև լավ առիթ է ևս մեկ անգամ ամրապնդելու երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը»,- ասում է նա:  

Հատուկ համբուրգյան համերգի համար գրվել են նոր ստեղծագործություններ հայ և սիրիացի կոմպոզիտորների կողմից: Կհնչեն նաև Գյուրջիևի ստեղծագործություններից, Կոմիտասի «Մշո շորոր»-ը և «Կարնո շորոր»-ը, ինչպես նաև Տ. Մանսուրյանի «Տուն արի» ստեղծագործությունը:

 Հատկանշական է, որ «Գյուրջիև» անսամբլը իր 10-ամյա գործունեության ընթացքում բազմաթիվ համերգային ծրագրերով է հանդես եկել Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Միջին Արևելքի ավեի քան 20 երկրներում՝ ելույթներ ունենալով միջազգային հեղինակավոր փառատոներում և լավագույն համերգասրահներում: Անսամբլը աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ հոլանդական «Edison Award»-ի մրցանակակիր է: Իսկ անսամբլի «Կոմիտաս» ձայնասկավառակը, որը թողարկվել է աշխարհահռչակ «ECMrecords»-ի կողմից, 2016-ին «Songlines Award»-ի կողմից ընդգրկվել է 10 լավագույն ձայնասկավառակների շարքում: Ձայնասկավառակի մեջ զետեղված ստեղծագործություններն արդեն մեկ տարի է՝ հնչում են «British Airways»-ի ինքնաթիռներում: