Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, Նիդերլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլին վախենում է իր կյանքի համար այն բանից հետո, երբ անհայտ անձինք մարտի 5-ին հարձակում են գործել նրա վրա Կիևում` վարձակալած բնակարանի շենքում: Ըստ Kyivpost-ի՝ լրագրողը պնդել է, որ հարձակվողները խոսել են ուկրաիներեն և ադրբեջաներեն:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն այդ մասին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով դեպքի մասին: Կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան նշել է, որ Կիևը չպետք է մասնակցի Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներին: «Մենք նաև կոչ ենք անում Ուկրաինայի ոստիկանությանը` հետաքննել մարտի 5-ին Հուսեյնլիի նկատմամբ իրականացված հարձակումը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասել է նա:
Կայքի հաղորդմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 14-ին ձերբակալել են Հուսեյնլիին` Ինտերպոլի գծով Բաքվի հայտարարած հետախուզության դիմումի համաձայն, առգրավել նրա փաստաթղթերը, իսկ Կիևի դատարանի` հոկտեմբերի 27-ի որոշմամբ լրագրողը գրավի դիմաց ազատ է արձակվել: Ազատ արձակված լրագրողին արգելել են հեռանալ Ուկրաինայից` մինչև գլխավոր դատախազության որոշումը:
Ադրբեջանում Հուսեյնլիին մեղադրում են սահմանն ապօրինի հատելու և խարդախության համար, սակայն նա հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ իր հետապնդումը կապված է լրագրողական գործունեության հետ:
Նշենք, որ ադրբեջանցի լրագրողը հեռացել է իր երկրից 2008 թվականին և քաղաքական ապաստան ստացել Նիդերլանդներում: