կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-24 17:00
Տարածաշրջան

Պապի՝ Հայաստան այցի լոգոյի վրա զետեղվել է Արարատը. թուրքական ԶԼՄ-ներն սկսեցին արձագանքել

Պապի՝ Հայաստան այցի լոգոյի վրա զետեղվել է Արարատը. թուրքական ԶԼՄ-ներն սկսեցին արձագանքել

Բավական երկար տևած լռությունից հետո թուրքական կայքերն սկսել են արձագանքել Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցին:

Նշելով, որ Հռոմի պապի այցը կտևի երեք օր, BBC թուրքական ծառայությունը հիշեցրել է նրա ելույթը նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:

Լրատվամիջոցը ուշադրության է արժանացրել նաև Հռոմի պապի՝ երեկ հայ ժողովրդին հղած ուղերձը: «Ես ցանկանում եմ ձեզ մոտ գալ՝ որպես խաղաղության սուրհանդակ»,-կայքը մեջբերել է Հռոմի պապի խոսքերը՝ ոգևորություն հայտնելով այն կապակցությամբ, որ այս անգամ նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:

 «1915 թվականին ուղղակիորեն չանդրադարձած և «ցեղասպանություն» բառը չօգտագործած Պապը նշել է, որ հայ ժողովուրդն ապրել է մարդկության կողմից հիշվող ամենասարսափելի ցավերից մեկը»,- գրել է թուրքական BBC-ն` հիշեցնելով, որ նախորդ տարի «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման պատճառով Թուրքիան ետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին՝ 10 ամիս շարունակ:

Ըստ երևույթին՝ թուրքական կողմը հետաքրքրված է այն փաստով, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղավնիներ է բաց թողելու դեպի Արարատ լեռը:

«Պապի՝ Հայաստան այցի լոգոյի վրա զետեղվել է Աղրը դաղըն (Արարատ լեռը) և Խոր Վիրապ վանքը»,- գրել է կայքը` խոստանալով Պապի՝ ՀՀ այցին մոտիկից հետևել:

ԶԼՄ-ն նաև թվարկել է Հայաստանում Ֆրանցիսկոս պապի այցելության վայրերը, այդ թվում՝  Ծիծեռնակաբերդը:

Թուրքական Yenihayatgazetesi-ն նույնպես արձագանքել է Ֆրանցիսկոս պապի` ՀՀ այցին: Թերթի ներկայացմամբ՝ Պապն երեկվա իր ուղերձում խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից՝ «այցից առաջ Անկարայի զայրույթին չարժանանալու համար»: