կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-27 17:06
Քաղաքական

Իմ ու Նիկոլ Փաշինյանի կարծիքները լրիվ տարբերվում են. Գալուստ Սահակյան

Իմ ու Նիկոլ Փաշինյանի կարծիքները լրիվ տարբերվում են. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` Բարձրագույն դատական խորհուրդը մեծ աշխատանքներ ունի կատարելու, և գոնե մեկ տարվա ընթացքում ժողովուրդը կնկատի որոշակի փոփոխություններ: «Եթե դատական իշխանությունները Հայաստանում զարգացում չապրեն, մենք մեծ դժվարություններ կունենանք առաջիկայում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը` խորհրդում ընդգրկված են մարդիկ, ովքեր, ընդդիմադիրների խոսքով, վստահություն չեն ներշնչում, և հարցին` կարո՞ղ են նման մարդիկ ապաքաղաքականացված լինել իրենց պարտավորությունները կատարելիս և ձևավորել մի կառույց, որին մարդիկ կվստահեն, Սահակյանը պատասխանեց. «Իմ ու Նիկոլ Փաշինյանի կարծիքները լրիվ տարբերվում են իրարից, որովհետև, երբ մարդ ընդդիմություն է լինում, ընդդիմության ճամբարում է, ինչ ասես չի խոսում, հենց գալիս է իշխանության ճամբար, նոր ընդդիմություն է ստեղծվում, ու ինչ-որ մեկը դառնում է ընդդիմություն ու նույնը կարող է ասել Նիկոլ Փաշինյանի համար: Յուրաքանչյուրս մեր կարծիքներն ունենք ու դրանցով առաջ ենք գնում: Եթե մարդն ուզում է, որ իր կարծիքն առաջ գնա, պիտի աշխատի ժողովրդի հետ, որ գա իշխանության և կարողանա իր կարծիքն իրագործել»:

Ըստ նրա` Բարձրագույն դատական խորհրդի անդամներից սպասելիքն այն է, որ նրանք պետք է լավ աշխատեն, որպեսզի դատական մարմիններն իրենց տեղում լինեն։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցեր էր ուղղել Բարձրագույն դատական խորհրդի անդամ բոլոր թեկնածուներին: Բոլորին հարցրել էր`  ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, և արդյո՞ք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի կատակել՝ նրանց ներկայությամբ հայտարարելով, որ չի հավակնում նախագահի կամ վարչապետի պաշտոնին։

Սահակյանի կարծիքով` ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: «Դրանք քաղբանտարկյալի պրոցեսներ չեն, պարզապես մարդիկ են, որ որոշակի քաղաքական ծրագրեր ունեն և պայքարում են այդ ծրագրերի համար: Եթե այդ ծրագիրն իրագործելու ժամանակ հանցագործություն է կատարում, դա չի նշանակում, որ քաղբանտարկյալ է, այլ հանցագործության համար բռնվածներ են»,- նշեց նա։