կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-09 13:01
Իրավական

Մարտի 1-ի գործը կարճելու որևէ միտում չկա. Արթուր Դավթյան

Մարտի 1-ի գործը կարճելու որևէ միտում չկա. Արթուր Դավթյան

2008-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործը երկրի համար ունի բացառիկ նշանակություն. այսօր լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ այս գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար:

«Այս քրեական գործի վարույթը կասեցված չէ, այս քրեական գործի վարույթը կարճելու որևէ միտում չկա»,- շեշտեց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ այս քրեական գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ:

Խոսելով գործի հրապարակայնության մասին` Դավթյանը նշեց. «Երբ հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, այսինքն՝ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որևէ անձի դատի տալու խնդիր լիներ, երբ որևէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք, բնականաբար, դրանք կիրացվեին։ Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով՝ նախաքննությանը բնորոշ, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։ Որոշակի արդյունքների, ձեռքբերումների մասին անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնություն»։

Լրագրողների դիտարկմանը, թե դեպքից 10 տարի է անցել, սակայն որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, Դավթյանը պատասխանեց. «Ժողովո'ւրդ, եթե դուք այն պատկերացումն ունեք, որ մեր հնարավորություններն անսահմանափակ են` հանցագործությունները բացահայտելու առումով, ես շատ ուրախ եմ դրա համար։ Մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին, կարծում եմ, բոլորդ լիարժեք պատկերացում ունեք։ Դա բարդ գործ է, հազարից ավելի մարդու հարցաքննության, փորձաքննությունների խնդիր կա»։