կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-27 13:22
Տարածաշրջան

Քրդերի տվյալներով՝ Աֆրինում իրենց հակառակորդների զոհերի թիվը հասել է 308-ի

Քրդերի տվյալներով՝ Աֆրինում իրենց հակառակորդների զոհերի թիվը հասել է 308-ի

Հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (Syrian Democratic Forces-SDF) ընդդիմադիր զինված խմբավորումների դաշինքը տվյալներ է հրապարակել Աֆրինում Թուրքիայի ու նրա կողմից կռվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող զինված խմբավորման կորուստների վերաբերյալ. տեղեկացնում է Ermenihaber-ը։

Քրդական «ANF» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հրապարակված տվյալների մեջ նշվում է, որ թուրքական զինված ուժերի ու ՍԱԲ-ի մարդկային կորուստները, միասին վերցրած, կազմում են 308, ընդ որում` 3-ը թուրքական բանակի սպաներ են, իսկ մեկը ՍԱԲ-ի մաս կազմող խմբավորումներից մեկի ղեկավարն է:

Նույն SDF-ի տվյալներով` 7-րդ օրը շարունակվող բախումների հետևանքով քրդական կողմի զոհերը հասնում են 43-ի, որոնցից 3-ը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) կանանց թևի (YPJ) անդամներ են:

Թուրքական ներխուժումից ի վեր Աֆրինի շրջանում սպանվել է 59 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 134-ը:

Հունվարի 26-ին թուրքական կողմը ևս ներակայացրել էր տվյալներ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» անվանումով գործողության շրջանակներում 2 կողմերի զոհերի մասին: Ըստ այդ տվյալների՝ 1 շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինուժը կորցրել է 3 զինվոր, 11 հոգի էլ սպանվել է  «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից, որի հետ համատեղ է իրականացվում է գործողությունը:

Թուրքիայի բանակն ունի 130 վիրավոր, որոնցից 82-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից: 

Ըստ թուրքական կողմի տվյալների՝ սպանվել է 343 քուրդ զինյալ:

Հիշեցնենք, որ 
պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։