կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-24 13:08
Հասարակություն

Լևոն Մկրտչյանի հանդիպումները միջազգային կրթական հարթակում

Լևոն Մկրտչյանի հանդիպումները միջազգային կրթական հարթակում

Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ:

Լևոն Մկրտչյանը մասնավորապես հանդիպել և երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել   Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Սերբիայի կրթության և գիտության  ոլորտների ղեկավարների հետ:
 

Չեռնոգորիայի նախարար Դամիր Սեովիչի հետ հանդիպման ժամանակ կարևորվել են  հանրակրթության  ոլորտի, մասնավորապես,  ուսուցիչների վերապատրաստման համակարգի զարգացման միտումները: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ գտնվում է ուսուցիչների վերապատրաստման համակարգի վերափոխման շեմին և միջազգային հաջողված փորձը մեր երկրի համար հետաքրքիր է:

Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մլադեն Սարկեվիչի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին հետ հանդիպման ժամանակ Լևոն Մկրտչյանը քննարկել է  Եվորապական  Միության «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության անդամ երկրների համար «Հորիզոն 2020»-ի կողմից սահմանված մրցութային արտոնյալ պայմաններին: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել  համատեղ գիտական դրամաշնորհների հայտեր ներկայացնելու և միասնական թիմեր ձևավորելու ուղղությամբ:  Միաժամանակ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական ուղղությունների զարգացումը:

Նշենք, որ Կրթության համաշխարհային համաժողովի աշխատանքները  մեկնարկել են  հունվարի 22-ին և կավարտվեն այսօր՝ հունվարի 24-ին: Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարի, Համաշխարհային բանկի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: 

ԿԳՆ