|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հաստատեց, որ «Ելք»-ը կհանդիպի ՀՀԿ-ի առաջադրած` նախագահի թեկնածուի հետ, բայց նրա օգտին չի քվեարկի: Նման հայտարարություն պատգամավորն արեց ԱԺ ճեպազրույցների ժամին: Նա նշեց, որ «Ելք»-ն իր սեփական թեկնածուին է փորձել առաջադրել, թեև ֆորմալ առումով դա չստացվեց, որովհետև անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն չհավաքվեց:
««Ելք»-ը պիտի շարունակի իր թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը»,- այնուամենայնիվ, ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ թեև Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի հետ կապված ծանր բեռը չի կիսում, ու նրա անունը չի կապվում ՀՀԿ-ի անվան շուրջ եղած սկանդալների հետ, բայց նա ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն է, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է։
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ եթե Արմեն Սարգսյանը համապատասխանում է նշված բոլոր չափանիշներին, ապա թող ՀՀԿ-ն այդ 18 ձայնը տա իրենց, որպեսզի կարողանան Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրել, այդ դեպքում նախագահի ընտրությունը կլինի ժողովրդավարական և այլընտրանքային։
Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել մեկ փուլով անցկացնել նախագահական ընտրություններ, իսկ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայները չեն բավարարի մեկ փուլով դրանք անցկացնելու համար, և հարցին՝ ո՞ր խորհրդարանական ուժը կսատարի ՀՀԿ-ի թեկնածուին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կարծում եմ` բացահայտում արած չեմ լինի՝ «Ծառուկյան» դաշինքը»։