կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-30 17:16
Քաղաքական

ԱԺ-ն իրավասություն ունի ընտրելու կամ չընտրելու նախագահի առաջադրած թեկնածուին․ ԱԺ նախագահ

ԱԺ-ն իրավասություն ունի ընտրելու կամ չընտրելու նախագահի առաջադրած թեկնածուին․ ԱԺ նախագահ

Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ խոսնակ Արարատ  Միրզոյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանին չընտրելուն, ասաց, որ ՍԴ դատավորի հարցը կլուծվի այնպես, ինչպես սահմանված է օրենսդրությամբ։

Նա ընդգծեց, որ նախագահն իրավասություն ունի առաջադրելու ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրելու կամ չընտրելու այդ թեկնածուին, ու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն։

«Խորհրդարանի կողմից ՍԴ դատավորի թեկնածու չընտրելը մի մեկնաբանեք որպես նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսևորման բացակայություն»,- լրագրողներին հորդորեց Միրզոյանն ու հավելեց՝ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպում են ու տարբեր հարցեր քննարկում։

«Ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը չի առաջադրում Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որին նախորդ խորհրդարանում մերժեցին հանրապետականները»,- հարցրեցին լրագրողները: Միրզոյանը, կրկին օրենքին հղում անելով, ասաց, որ թեկնածու առաջադրելու իրավունքը նախագահինն է, և նա ունի իր պատկերացումները։

Արձագանքելով դիտարկմանը, թե ԱԺ-ն արդեն 3-րդ անգամ մերժում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածուին, սա նշանակում է անվստահություն հայտնել նախագահի ինստիտուտին, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Դա ոչ թե դիտարկում, այլ քաղաքական հայտարարություն է։ Ես նման պնդում չէի անի»։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ 7-րդ գումարման ԱԺ-ում սա ՍԴ դատավոր ընտրելու արդեն 3 փորձն է, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ում 2 անգամ է տապալվել ՍԴ անդամ ընտրելու գործընթացը։