|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 22-ին ընդունեց «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։
Նրանք դեմ են ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների։
Նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և սահմանափակել դրանց վերահաշվառումը։
Նախաձեռնության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց մտահոգությունները և առաջարկություններ արեցին։
Հիմնական դժգոհությունը վերաբերում էր որոշման նախագծի հիմնավորման այն կետին, որով արգելվում է սեփականության իրավունքի փոփոխությունը։
Նրանք կարծում են, որ այն հակասահմանադրական է, ուստի՝ անթույլատրելի։
Նախարարը նշեց, որ Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է, ինչը ենթադրում է բացառապես ձախակողմյան ղեկային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցների շահագործում։
Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների վաճառքի արգելքին վերաբերող դրույթին, ապա նախարարը նշեց, որ այդ դրույթը կարելի է քննարկել:
Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ կողմ է ցանկացած բաց քննարկման։ Նա առաջարկեց, որ նախաձեռնության կազմակերպիչները մյուս դրույթների շուրջ քննարկումը շարունակեն նախարարության համապատասխան վարչության մասնագետների հետ, ինչպես նաև իրենց առաջարկությունները ներկայացնեն գրավոր: