Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի Հայաստանի ազգային պատկերասրահի առաջին հարկի սրահները նորոգվել են, ինչի վրա ծախսվել է 28 մլն դրամ: Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Նա նշեց նաև, որ 2018-ին պատրաստվում են վերանորոգել պատկերասրահի 4-րդ և 6-րդ հարկերը՝ ոչ պետբյուջեի հաշվին: «Առաջին հարկի վերանորոգման համար հիմնական գումարը տվել է IDEA հիմնադրամը. նրանք մեզ մոտ ցուցադրություն էին ուզում ունենալ, մենք էլ ասացինք, որ գումար պետք չէ, փոխարենը թող վերանորոգեն: Ընդհանուր առմամբ, վերանորոգվել է 850 քմ տարածք, իսկ 2018-ին կվերանորոգվի ևս 1500 քմ: Կարծում եմ՝ ամեն տարի եթե մեկ հարկ էլ վերանորոգենք, լուծելով նաև սենյակների ջեռուցման, օդափոխման խնդիրը, մեծ աշխատանք կտարվի»,- ասաց Ծատուրյանը:
Հարցին, թե խոսակցություններ կան, որ պատկերասրահին այլ տարածք են տալու, այդ դեպքում շինարարական աշխատանքներն ավելո՞րդ չեն, նա պատասխանեց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են, իսկ եթե կյանքի կոչվեն, միևնույն է, տարածքը պատմության թանգարանին է մնալու: «Ինձ համար պատկերասրահն ամեն ինչ է, սակայն պատմության թանգարանն ամենակարևորն է: Ուստի, եթե մեզ այլ տարածք տան, ի՞նչ է եղել, թող սա էլ ծառայի պատմության թանգարանին»,- նշեց պատկերասրահի տնօրենը:
Նա նշեց նաև, որ, բացի այդ, 2018-ին նախատեսում են միջազգային մակարդակի հասցնել պատկերասրահի անվտանգությունը, ինչին տանող քայլեր արդեն արել են՝ տեղադրելով տեսախցիկներ: Ծատուրյանի խոսքով՝ ինքը կախարդական փայտիկ չունի, որ բոլոր խնդիրները միանգամից լուծի, այդ պատճառով էլ տարեցտարի է փորձում ցանկալի արդյունքին հասնել:
«2018-ին նախատեսում ենք նաև Լևոն Թութունջյանի գործերի ցուցադրությունն իրականացնել: Մի մեծ ցանկություն էլ ունեմ՝ Պիկասոյի գործերի ցուցադրություն՝ Հայաստանում: Անկեղծ ասած՝ ցուցադրություն կազմակերպելը թանկ հաճույք է, մանավանդ՝ նկարների տեղափոխման հարցը,: Մենք այսօր մի քանի բանկերի հետ փորձում ենք բանակցություններ վարել, որ մեզ ֆինանսավորեն: Պետք է ասեմ, որ ԱՄՆ-ի թանգարաններից մեկի հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա Պիկասոյի նկարները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ»,- հայտնեց Ծատուրյանը: