Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ գործող GSB + համակարգը և Առևտի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ԵՄ-ի հետ գործող MFN ռեժիմը թույլ են տալիս Հայաստանի համար ապահովել տեղում արտադրված գրեթե 90 տոկոս ապրանքների պարագայում զրոյական մաքսատուրքով մուտք դեպի ԵՄ շուկա:
«Միայն GSB+ի շրջանակներում 6400 ապրանքի մասով հնարավոր է դրանք զրոյական մաքսատուրքով արտահանել ԵՄ շուկա, ինչը էական գրավչություն է ու կարևոր գործիք ներդրողների համար»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ կարևոր է նաև բյուջետային աջակցության շրջանակում ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Ըստ նրա` դրա շրջանակում այս պահին 6 տարբեր համաձայնագրերով տարբեր ոլորտներում իրականացվում են ոլորտային բարեփոխումներ:
«ԵՄ աջակցությամբ ՀՀ-ն կարողանում է իրականացնել բարեփոխումներ տարբեր ոլորտներում: 2016-ին բյուջետային աջակցության մասով ամենաբարձր գումարային հատկացումն ենք ստացել, որը տրվել է երկրի բյուջեին 27,5 մլն եվրոյի սահմաններում: Այս տարի նախատեսվում է 15-17 մլն եվրոյի բյուջետային հատկացում»,- հայտնեց նա:
Ըստ փոխնախարարի` 2018-ի հունվարի 1-ից կիրառվելու է արտահանողների գրանցված համակարգ: «Ապրանք արտահանելու և GSB+ի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար մեր կազմակերպությունները ներկայումս պետք է ունենան ծագման սերտիֆիկատ, իսկ 2018-ի հունվարից ՀՀ-ում գործող կազմակերպությունները ԵՄ ապրանք արտահանելիս կարող են գրանցվել այս համակարգում և առանց ծագման սերտիֆիկատի ապրանք արտահանել ԵՄ՝ միաժամանակ օգտվելով համակարգի ընձեռած արտոնություններից: Որպեսզի անցումը սահուն լինի, մենք նախատեսել ենք, որ 2018-ին զուգահեռ գործելու է ապրանքների սերտիֆիկատներով արտահանման գործընթացը, բայց սա դրական նշանակություն կունենա այն փոքր ու միջին տնտեսվարողների համար, ովքեր ստիպված են լինում ամեն փոքր խմբականակի համար ունենալ սերտիֆիկատ: Առաջիկայում նախարարությունն ավելի մանրամասն կներկայացնի ընթացակարգը»,- եզրափակեց Մելքոնյանը: