Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ յուրաքանչյուր պետության բյուջե պետք է բխի այն կառավարության ծրագրից, այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրից, որը հրապարակվել է: Նա ընդգծեց, որ բյուջեն բխում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ նախընտրական ծրագրից, կառավարության 5-ամյա ծրագրից:
«Առնվազն անհասկանալի է, երբ մենք այս բյուջեում փորձում ենք տեսնել բաներ, որոնք օբյեկտիվորեն չեն կարող լինել: Սիրելինե՛րս, մենք երբեք չենք ասել, որ մի զարկով աղքատությունը պետք է վերանա, որ 18 թվին աշխատավարձերը, թոշակները պետք է ավելանան: Մենք ասել ենք, որ 2017 թվականը տնտեսական աճի համար պայմաններ ստեղծելու տարի է, և 2018-ից մենք սկսելու ենք երկարաժամկետ հեռանկարում տնտեսական 5 տոկոս աճ ապահովել»,- ասաց ՀՀԿ-ականը:
Շարմազանովն ընդգծեց, որ, ԱՊՀ երկրների համեմատությամբ, այսօր ՀՀ-ն, 8 ամսվա տվյալներով, լավագույնն է: Համեմատելու համար նա հայտնեց, որ Ադրբեջանում -0.9-1 տնտեսական աճ է լինելու, ՌԴ-ում՝ -1.8: «Եթե խոսում ենք ցանկություններից, չեմ կարծում, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ցանկությունները «Ծառուկյան» կամ «Ելք» խմբակցությունների ցանկությունից պակաս են: Մենք էլ ենք ցանկանում, բայց` ռեսուրսը... Տեսնեք, ասեք»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ բյուջեն իրատեսական է ու կայունացման փաստաթուղթ: Նա նշեց, որ այս պահի խնդիրը չէ դնել բոլոր ռեսուրսները, բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, ապա ավելի վատ վիճակի հանգել, այլ նպատակն է երկարաժամկետ ծրագրերի արդյունքում հասնել կայունացման:
«Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը տեսանելի ապագայի համար մնալու է անվտանգությունը: Այս բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերն ավելանում են 28 միլիարդ դրամով, անվտանգության ոլորտինը՝ 32 միլիարդ դրամով: Հռետորական հարց բոլորին՝ սրանով մենք անվտանգության համակարգն ուժեղացնո՞ւմ ենք, թե՞ չէ: Կարծում եմ՝ պարզ է բոլորիդ՝ այո: Եթե` այո, նշանակում է, որ այս բյուջեն բխում է մեր անվտանգության հզորացման տրամաբանությունից»,- հայտարարեց Շարմազանովը, ապա հավելեց. «Մենք պետք է մեր ժողովրդին այսօր ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք: Պետք է հնարավորություն ստեղծենք, որ պայմաններ լինեն այդ ձուկը բռնելու»:
ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ ամենաապահով խավը գյուղերում է, հենց այնտեղ էլ ծախսերն ավելացել են:
Նա նորմալ է համարում, որ ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունն էլ իր փաստերն է ներկայացնում, որ այս բյուջեն անվտանգության բյուջե է, 2019 թվականից հետո ապահովելու է երկարաժամկետ տնտեսական աճ: