կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 23:08
Մշակույթ

Վարշավայում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգը

Վարշավայում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգը

Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:

Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո՝ «Լեհ-հայկական հիմնադրամի», «Անկախություն» ծրագրերի գրասենյակի, «Լաժենկի թագավորական պալատի թանգարանի և «Մշակութային աջակցության եվրոպական հիմնադրամի» կողմից կազմակերպված համերգին ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, տեղական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, համերգի բացման իր խոսքում անդրադարձավ երկու երկրների ժողովուրդների պատմական անցյալին և ձևավորված բարեկամությանը, Լեհաստանում հայերի վաղեմի ներկայությանը և երկրի պետական անկախության վերականգնման գործընթացում ունեցած աջակցությանն ու ավանդին։ Նա հակիրճ ներկայացրեց Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը, նրա երաժշտարվեստի առանձնահատկությունները՝ միջազգային, սակայն բովանդակությամբ խորապես ազգային։

Բարձր գնահատանքի և բուռն ծափահարությունների արժանացած համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի, Ալեքսեյ Շորի, Ֆելիքս Մենդելսոնի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից հատվածներ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի, ջութակահար Կարեն Շահգելդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի կատարմամբ:

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի և «Լեհ-հայկական հիմնադրամի» նախագահ Արսեն Հովսեփյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին միջոցառման կազմակերպիչներին: