Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթում նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախ այցելող օտարերկրյա պատգամավորների թիվը, Արցախի հետ բարեկամության շրջանակների կազմակերպումն ավելանա:
Նրա խոսքով` իրենց մեսիջը պետք է լինի այն, որ Արցախի խնդիրը որևէ առնչություն չունի ո'չ կատալոնական խնդրի, ո'չ Օսիայի, ո'չ էլ Ղրիմի խնդրի հետ: «Հայկական կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները: Եթե ոմանք կարծում են, որ Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն ո'չ Լատվիայի, ո'չ Լիտվայի, ո'չ էլ Էստոնիայի անկախությունները: Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում. նրանք ԵՄ անդամներ են»,- նշեց նա:
ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումները, այլընտրանքային ընտրությունների առկայությունը, ՏԻՄ-երի կայացվածությունը և ակտիվ քաղհասարակության առկայությունը շատ կարևոր ցուցանիշներ են առ այն, որ Արցախը համարվում է տարածաշրջանային ժողովրդավարության օազիսներից մեկը:
«Լրիվ անհամեմատելի են Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները: Եթե Ադրբեջանում գնում են դեպի խոր ընտանեկան տոտալիտարիզմ, ապա Արցախում գնում են դեպի ժողովրդավարություն: Այս մեսիջները պետք է տեղ հասցվեն»,- նշեց Շարմազանովը, ապա հավելեց, որ պետք է ամեն ինչ անել, որ ավելի շատ գործընկերներ այցելեն Արցախ:
Նրա խոսքով` բոլոր այն օտարերկրյա պատգամավորները, ովքեր այցելել են Արցախ, հանդիպել Արցախի քաղաքական ուժերի հետ, հիացած վերադարձել են: «Մարդիկ հասկացել են, որ Արցախում կա ազատության 150 հազար մարտիկ, որ Արցախի պայքարը ոչ թե ընդդեմ Ադրբեջանի է, այլ հանուն ազատության և հանուն անկախության»,- եզրափակեց Շարմազանովը: