Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի բանտում այցելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկու թիկնապահներին՝ Էյուփ Յըլդըրըմին ու Սինան Նարինին, ովքեր մայիսի 16-ին՝ երկրի նախագահի ԱՄՆ այցի ընթացքում, հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել իրենց ղեկավարի այցի դեմ բողոքող հայերին, քրդերին, հույներին և եզդիներին:
Հիշեցնենք, որ բախումների հետևանքով վիրավորվել էր 11 մարդ: Հետագայում ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը տեսանյութ էր հրապարակել՝ ապացուցելով, որ ցուցարարների վրա հարձակվելու հրամանը տվել է Էրդողանը: Միջադեպը մեծ արձագանք էր գտել աշխարհում: Այլ երկրներ Էրդողանի այցելությունից առաջ այդ երկրները հատուկ հայտարարություն էին տարածում՝ Էրդողանի թիկնապահներին պահվածքի մասին զգուշացնելու համար:
Վաշինգտոնի դատախազությունը միջադեպից հետո հայտարարել էր, որ այդ գործով 19 մեղադրյալները դատվելու են ատելությամբ հանցագործության փորձ իրականացնելու մեղադրանքով:
Ըստ armenianweekly-ի՝ Նարինը Վիրջինիա նահանգի բնակիչ է, իսկ Յըլդըրըմը Նյու Ջերսիում ունի շինարարական ընկերություն:
Ուշագրավ է, որ աղմկահարույց դեպքն ու երկրի նախագահի թիկնապահների ձերբակալությունը ոչ մի կերպ չի ազդել Չավուշօղլուի վրա: Նա բանտարկյալների հետ իր լուսանկարը հրապարակել է թվիթերյան էջում՝ մակագրելով. «Վաշինգտոնում այցելեցինք մեր եղբայրներին, որոնց դատավարությունը դեռ ընթանում է: Նրանց փոխանցեցինք մեր ժողովրդի սերն ու ողջույնները»: