կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-24 16:09
Քաղաքական

ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների գործողությունները

ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների գործողությունները

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ նախօրեին Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ տեղեկացրել են ՌԴ պատկան մարմիններին:

Դեսպանությունունում կարծում են, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ հետագա զարգացումներից խուսափելու համար։

«Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը փորձ է անում հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակը տեղափոխել Ռուսաստանի Դաշնության տարածք և երկու ժողովուրդների համայնքների միջև կոնֆլիկտ ստեղծել։ Մասնավորապես, այդ դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ադրբեջանի իշխանությունների հետ: Վերջին գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվել են բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումներով, ի մեծ ափսոսանք մեր, հերթական անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր լինելը։ Այդ սադրանքների նպատակն է խարխլել Ռուսաստանում ազգամիջյան համաձայնության հիմքերը, նպաստել բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին և երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել»,- ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունում։

Դեսպանությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի տարածքում տնտեսավարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է պահպանեն ՌԴ օրենքները:

Միաժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայկական համայնքին տարբեր սադրիչ գործողությունների մեջ ներգրավելու փորձերից, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայերին խնդրում է լինել զգոն, զուսպ և չտրվել սադրանքներին, չմասնակցել ադրբեջանական կողմի սադրանքներին ի պատասխան կազմակերպված տարբեր ակցիաներին կամ նախաձեռնություններին:

Դեսպանատունը շարունակում է աշխատանքները ծագած խնդիրների լուծման ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան հանգստության պահպանման սկզբունքին։

Սադրիչ դրսևորումների դեպքում հայերը կարող են անհապաղ տեղեկացնել դեսպանության, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին:

Թեժ գծի համարներն են՝  ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն-  + 7 (966) 118-89-84, Ռուսաստանի հայերի միություն-  +7 (916) 417-88-82

Ավելի վաղ հայտնել էինք՝ Մոսկվայում ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվել է հայկական համարանիշով մեքենայի վրա։ Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հանդիպել էր ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ