կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-15 22:20
Հասարակություն

Լապշինը հերքում է` Ալիևին ուղղված զղջման նամակը կեղծիք է

Լապշինը հերքում է` Ալիևին ուղղված զղջման նամակը կեղծիք է

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով օրեր առաջ ազատվել է Բաքվի բանտից, իր ՖԲ էջում գրառում է թողել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը` մեկնելով  Իսրայել: Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

Ադրբեջանի նախագահից ներում ստանալուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինն իբր անմիջապես նամակ է գրել Իլհամ Ալիևին: «Այժմ ես ստացել եմ անվիճելի ապացույցներ` Ղարաբաղը կա և կլինի Ադրբեջանի հողը: Հուսով եմ, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»,- նշված է եղել նամակում:

Ալեքսանդր Լապշինն իր հերթական գրառմամբ զարմանք է հայտնում, քանի որ իր մասին հրապարակվող շատ լուրեր չեն համապատասխանում իրականությանը: Նա գրում է, որ հիվանդ է, բուժվում է: Ադրբեջանական բանտում նրան այնքան են ծեծել, կոկորդը սեղմել, որ չի կարողացել ջուր կամ կերակուր կուլ տալ:

«Իհարկե, երբ քեզ խեղդում են, ծեծում են` ջարդելով ատամներդ, կողոսկրերդ, դա մեկ օրում չի անցնի: Իմ առողջական վիճակը գնահատել են որպես միջին ծանրության: Բայց հոսպիտալացումից հրաժարվել եմ և ճիշտ եմ արել, արդեն կարողանում եմ ինքնուրույն ջուր խմել, հաց ուտել»,- գրել է նա:

Լապշինը գրում է, որ Թել Ավիվում գնացել է հետազոտման, որպեսզի գրանցեն իր վնասվածքները, առողջական խնդիրները:

«Ի՞նչ իմանամ, թե այս պատմությունը մինչև ուր է հասնելու: Կա կարծիք, որ չի կարելի ներել Ադրբեջանին այն բանի համար, որ ինձ չի սպանել, ուստի պետք է գործել գրագետ` միջազգային կառույցների միջոցով: Հավատում եմ միջազգային իրավունքի փորձագետներին, հավաքում եմ փաստաթղթեր: Հետագա իրադարձությունների մասին կտեղեկացնեմ:

Ամենաքիչ հետաքրքրվածությամբ եմ կարդում իմ «մեղայականը», ինչը բացահայտ կեղծիք է: Նրանք իրո՞ք մտածում են, թե ես վերակենդանացման բաժանմունքում պառկած կարող էի գրել նման բան ու զղջա՞»լ,- գրել է Լապշինը: