Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանի «պատմությունը» շատ հետաքրքիր է և, իբրև արտառոց երևույթ, կարող է հետաքրքրել ոչ միայն հոգեբույժներին ու հոգեբաններին: Բայց այդ «պատմությունը» նաև խիստ խորհրդանշական է: Այս մարդը, որ «170 գրքի հեղինակ է, որ երեք տարեկանում տառեր է հորինել, չորսում՝ գիրք հրապարակել, իսկ պատանության տարիներին իր` Չիբուխչյան տոհմն է հավերժացրել՝ ստեղծելով «չիբու» մարտարվեստը», կամաց-կամաց, ինքն էլ չպատկերացնելով, դառնում է մեր իրականության, ավելի ստույգ՝ իշխանությունների յուրօրինակ սիմվոլը:
Ակնհայտորեն և առնվազն հոգեբանի կարիք ունեցող մարդը, որ մի ամբողջ պոեմ է նվիրել ադրբեջանցի երգչուհուն՝ արվեստը սահմաններ ու թշնամություն չի ճանաչում «ծրագրի» սահմաններում, մարդը, որ իր երկրի նախագահին, քրիստոնեական խորհրդաբանությանը հավատարիմ, 12 անպատասխան նամակներ է գրել, հիմա էլ նամակ է գրում Ադրբեջանի նախագահին և նրանից քաղաքական ապաստան խնդրում: Պատճա՞ռը` մարդուն ազատել են մարզպետի խորհրդականի պաշտոնից, դե նա էլ դիմել է… Հեյդարիչին:
Սակայն ամենազավեշտալին այս «պատմության» մեջ թերևս այն է, որ Լյուբիկը ՀՀԿ-ական է, ակներևաբար՝ ՀՀԿ մեծավորների երբեմնի «լյուբիմչիկներից», եթե հաջողել է գրավել այնպիսի «պատասխանատու» պոստ, ինչպիսին խորհրդականինն է:
Ահա և մենք հասանք ամբողջ այս բանդագուշանքի բուն նյութին: Ուրեմն` Լյուբիկ Չիբուխչյանը Տավուշի մարզպետին տարիներ շարունակ… խորհուրդնե՜ր է տվել: Հետևաբար, միայն պատկերացնել կարելի է այն նսեմ վիճակը, որին մեր իշխանավորների կամքով հասել է խորհրդականի ինստիտուտը. հոգեպես անառողջ մարդը տարիներ շարունակ խորհուրդներ է տվել ու… ծիծաղե՜լ այդ ինստիտուտի վրա: Լ. Չիբուխչյանի պարագայում ծիծաղելը բնավ չի բացառվում, որովհետև նա, ինչպես ասացինք, առողջական խնդիրներ ունի:
Բայց ամբողջ զավեշտն այն է, որ, ի դեմս Լյուբիկի ու իշխանության լյուբիմչիկների, հանրությունն է ծիծաղում նրանց վրա, և այդպիսով ծիծաղելի է դառնում խորհրդականի ինստիտուտն ու խորհրդականն ինքը: Իսկ ո՞վ է հաշվել, թե քանի խորհրդական կա Հայաստանում:
Բ. Գասպարյան
Լուսանկարը` Aravot.am-ի