Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք, ՀՅԴ կողմից կազմակերպված «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի զեկույցն ամբողջությամբ:
Ադրբեջանի մարտավարությունը
Նպատակը՝ հակամարտության կարգավորման ¦ադրբեջանական մոդուսի§ կիրառման իրավունքի ձեռքերում.
Այս նպատակն իրականցնելու գլխավոր փուլերը բաժանվում են՝ հաշվի առնելով մինչ և հետ քառօրյա պատերազմական իրավիճակների միջազգային ընկալումներն ու տարբերությունները:
Մինչ քառօրյա պատերազմը «ադրբեջանական մոդուսը» միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջ մղելուն կոչված Բոբ Վոլտերի հեղինակած համապատասխան զեկույցը ԵԽԽՎ-ում տապալվելուց հետո Ադրբեջանը փորձեց բլից-պատերազմով ատատուս քվոն փոխելու միջոցով պարտադրել հակամարտությունը կարգավորելու նույն այդ մոդուսը:
Ըստ այդմ՝ կարգավորման ադրբեջանական մոդուսը, ինչը հստակ երևում է Վոլտերի տխրահռչակ զեկույցից, մարտավարական առումով հետապնդում է գլխավոր երկու նպատակ՝ չկաշկանդվել և չսահմանափակվել միակը համարվող Մինսկի գործընթացով և վերանայել հակամարտության բնույթի և լուծման մասին նրանով ձևավորված պատկերացումը:
Քառօրյա պատերազմի ձախողումով Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր այս նպատակին, այլև ավելի ամրապնդվեց Մինսկի խմբի համանախագահների միակ միջազգայնորեն ճանաչված մանդատը: Ավելին, համընդհանուր ճանաչում գտավ և ամրապնդվեց զինադադարի մասին 1994թ. եռակողմ պայմանագրի անժամկետ լինելու փաստը: Արդյունքում առաջնահերթ խնդիր դարձավ ոչ թե ստատուս քվոյի անվերապահ փոփոխության, այլ իրական խաղաղ բանակցությունների համար լիարժեք պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը իր ռազմավարությունը կյանքի կոչելու և հարցի լուծման իր միակողմանի քայլերը արդարացնելու համար հրաժարվում է ընդունել հակամարտության էության մասին ձևավորված պատկերացումը և այն ներկայացնելով որպես իր ներքին խնդիր՝ փորձում է ձեռք բերել սուվերեն իրավունք Արցախի ժողովրդին պարտադրելու Ադրբեջանի սահմանադրական կարգերը: Հետևաբար, Ադրբեջանի համար բանակցությունները մաս են կազմում սոսկ իր ռազմական մարտավարության, սեփական պատերազմական գործողությունների համար քաղաքական աջակցություն ապահովելու նպատակով:
Համարժեքության հիմքը՝
Հաշվի առնելով Ադրբեջանի փաստացի հրաժարումը խաղաղ կարգավորման պահանջներից և նրա առաջացրած մշտական վտանգները՝ արդարացված են բոլոր միջոցները, որ կոչված են ամրապնդելու Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը
Իրավաչափությունը՝
արդարացված են Արցախի և Հայաստանի սուվերեն իրավունքից և պատմական ճշմարտությունից բխող, միասնական անվտանգության ապահովմանը ծառայող բոլոր իրավապայմանագրային կարգավորումները
Նախ և առաջ Թուրքիայի որևէ միջամտություն կանխելու համար անհրաժեշտ է արձանագրել, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունները երրորդ երկրով ՝ Ադրբեջանով և ղարաբաղյան հիմնախնդրով պայմանավորելը ենթադրում է ոչ այլ ինչ, քան անուղղակի ճանաչում, որ Արցախի հարցը Հայ Դատի ամբողջական փաթեթի մի մասն է:
Հետևաբար, նման դիրքորոշում ունեցող երկրի ներգրավումը կարգավորման գործընթացի մեջ ինքնաբերաբար օրակարգ պետք է բերի հայ-թուրքական հիմնախնդիրների ողջ փաթեթը՝ վերածելով այդ երկրին միջնորդից հակամարտության կողմի: Ուստի, Թուրքիայի ներգրավումը ոչ այլ ինչ է, քան հակամարտության ընդլայնում և նոր բանակցայի ձևաչափի առաջացում, որտեղ Թուրքիան բանակցային կողմ է, ոչ թե միջնորդ:
Ադրբեջանի մարտավարական հնարքներից է «փուլային» տարբերակի շահարկումը, ինչը նա կիրառում է իբրև թե հանուն առավել իրատեսական խաղաղ կարգավորման, սակայն իրական նպատակը՝ ձախողել կամ հետաձգել Արցախի անկախ կարգավիճակի ամրագրումը:
Քանզի, և դա ի հակակշիռ Ադրբեջանի փուլային լուծմանն է պետք ներկայացնել այն, որ ցանկացած փուլային տարբերակ այսպես, թե այնպես ենթադրում է համաձայնեցնել այն գլխավոր առաջին քայլը, որով միայն կարող է սկսել քայլ առ քայլ առաջ ընթացող փուլային որևէ գործընթաց:
Ուստի, փուլային այն կարգավորումը, որի գլխավոր առաջին քայլը Արցախի անկախ կարգավիճակի ամրագրումն է, բնականաբար ևս բանակցելի է:
Ըստ այդմ, փուլային տարբերակին կողմնակից լինելը չի կարող Ադրբեջանին ինքնաբերաբար բանակցային առավելություն ապահովել:
Հաջորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը և նրա թշնամական էությունը լիարժեք հիմքեր են ստեղծում Հայաստան-Արցախի տանդեմի լիարժեք իրավական ամրապնդման և Հայաստանի՝ Արցախի անկախության երաշխավորը լինելու փաստի, միջազգային ճանաչման համար:
Հայաստանի և Արցախի շուրջը ձևավորված թշնամական միջավայրում հայ ժողովրդի անքակտելի իրավունքն է միջազգային ճանաչում և հարգանք հայցել լիարժեք անվտագության ապահովման ուղղված ցանկացած նախաձեռնության վերաբերյալ:
Ներկա փուլում հայկական կողմերի մարտավարական գլխավոր խնդիրն է՝ զարգացնել ապրիլյան պատերազմից հետո առաջացած հնարավորությունները՝ կապված Մինսկի գործընթացի և նրանում հակամարտության կարգավորման մասին ձևավորված պատկերացումները վերանայելու ադրբեջանական ծրագրերի ձախողման հետևանքների հետ:
Մասնավորապես, 1994թ. եռակողմ պայմանագրի համընդհանուր վերահաստատումը անխուսափելիորեն ամրագրում է նաև նրա անքակտելի մասը հանդիսացող՝ հրադադարի ռեժիմը ամրապնդելու և սահմանային միջադեպերը կարգավորելու մասին արձանագրությունը: Ինչը ուժը պահպանած և անժամկետ լինելով՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող մեխանիզմների տեղակայման վերաբերյալ ձեռք բերած համաձայնությունների հետ միասին ունի պարտադիր գործադրման ուժ և խաղաղ բանակցությունների սեղան Ադրբեջանին վերադարձնելու կարևորագույն միջոց է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցություններից հրաժարումը փաստելը և միջազգային հանրության կողմից դրա դատապարտմանը հասնելը մեզ կարող է ապահովել լրջագույն առավելություններ և խթանել միաժամանակ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: Առավել ևս որ ոչինչ չի խանգարում միջնորդ կողմերին վերահսկող մեխանիզմների և սարքավորումների տեղադրումը կատարել հայկական կողմերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Գաղափարը, ըստ էության, շատ պարզ է և կայանում է հետևյալում՝ եթե Ադրբեջանը շարունակում է մերժել և խոչընդոտել հրադադարը վերակսկող մեխանիզմների տեղակայումը, դա իրականացնել հայկական կողմում, որը միշտ էլ հայտնել է իր պատրաստակամությունը դրանց տեղադրման վերաբերյալ:
Սա պետք է ընկալվի որպես հստակ ուղերձ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ համապատասխան օղակների համար: Իսկ միջազգային բոլոր հարթակներում անհրաժեշտ է սկսել գործնթաց ի պաշտպանություն այս գաղափարի իրագործման:
Եզրափակելով կարելի է ներկայացնել, թե որը պետք է լինի ի հակակշիռ ¦ադրբեջանական մոդուսի§ մեր՝ բանակցությունները սուբստանտիվ (բովանդակային, առարկայական) դարձնելու և կայուն խաղաղություն ապահովելու հակամարտության կարգավորման «հայկական մոդուսը«:
1. հարգել 1991թ. անկախության և 2006թ. սահմանադրական հանրաքվեներով արձանագրված Արցախի ժողովրդի կամարտահայտությունը: Ըստ որի հռչակված է անկախ պետություն ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանների տարածքները ամրագրող սահմաններով և հաստատված է, որ մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումն ու սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է փաստացի ԼՂՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներում
Այսպիսով, որևէ կարգավորում, որ չի ապահովում ԼՂՀ անկախ կարգավիճակի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցերի առաջնահերթ լուծում, անընդունելի է:
2. բանակցային գործընթացի լիարժեքության ու արդյունավետության համար ապահովել ԼՂՀ լիիրավ մասնակցությունը բանակցություններին
3. միջազգային արդյունավետ վերահսկողություն սահմանել՝ ապահովելու 1994-95թթ. զինադադարի եռակողմ պայմանագրի և նրանից բխող հրադադարի ռեժիմի ամրապնդման և շփման գծի երկայնքով միջադեպերի կարգավորման մասին արձանագրության անվերապահ կատարումը
4. բանակցային գործընթացը հունավորելու և Ադրբեջանի ռազմատենչ ու հակահայկական քաղաքականությունը չեզոքացնելու համար նոր թափ հաղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման գործին՝ ընդլայնելով Արցախի բնակավայրերի և օտարերկրյա այլ համայնքների միջև երկկողմանի «քույրացման» պայմանագրերի կնքման շրջանակը:
5. անվտանգության և պաշտպանության միասնական համակարգ հաստատելու նպատակով ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք՝ ամրագրելով ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավորը լինելու ՀՀ կարգավիճակը՝ ի նկատի ունենալով անհրաժեշտ պահին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը:
6. ձևավորել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան և ռազմական հանցագործությունները ապացուցող փաթեթ և հասնել դրանց միջազգային դատապարտմանը
7. արցախյան ազատամարտի հաջողությունները ամրապնդելու և հիմնախնդրի հայանպաստ լուծումը կանխորոշելու նպատակով իրականացնել Արցախի վերաբնակեցումը և հիմքեր ստեղծել ապահովելու դրա միջազգային աջակցությունը
4 սեպտեմբեր 2017թ.