կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-18 10:32
Մշակույթ

Ժորա Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների և Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիաների նախագահ,արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ: Միջազգային մրցույթների դափնեկիրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարում է Յ.Ս. Բախի Պրելյուդն Առաջին դաշնամուրային պարտիտայից (Prelude from First keyboard Partita BWV825 by J.S. Bach):

Նշենք, որ այս գեղեցիկ և ինքնատիպ ստեղծագործությունը գրված չէ կիթառի համար, այն հատուկ այս գործիքիհամար փոխադրել է հենց Ժորա Սարգսյանը: Հոլովակի ռեժիսորն է Քրիստինա Մալխասյանը, ձայնագրությունն իրականացրել է Author's Studio-ն: Պրոդյուսերական աշխատանքներին ներգրավված են եղել Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անձնակազմերը: Ժորա Սարգսյանն այս տարվա ընթացքում հասցրել է համերգներ ունենալ հանրահայտ փառատոների շրջանակում, որոնք անցկացվել են տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում,Հոլանդիայում, Ավստրիայում, Լիտվայում և այլուր:

Ի դեպ, օրերս կայացած Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթում (Tbilisi International Guitar Competition)Ժորա Սարգսյանի ուսանողները հաղթական դափնիների են արժանացել: Մրցույթի 1-ին և 2-րդ տեղերը գրավել են հենց նրա աշակերտները` փոքրերի խմբում Դավիթ Առաքելյանն ու Վահագն Գրիգորյանը, մեծերի խմբում՝ Էդուարդ Հրմուշյանն ու Լիլի Առաքելյանը: Բացի այդ նրանքարժանացել հատուկ մրցանակների՝ ստացել Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն, շահել են կիթառ և դրամական պարգևներ:

Նշենք նաև, որ Ժորա Սարգսյանն առաջիկայում ևս հանդես կգա տարաբնույթ ծրագրերով: Կիթառահարը ելույթներ կունենա մի շարք երկրներում, պատրաստվում է Երևանյան միջազգային կիթառի հաջորդ փառատոնին: Հաջորդ տարի ևս Սարգսյանի աշակերտները հանդես կգան միջազգային փառատոներում՝ հաղթական դափնիները հայրենիք բերելու ձգտումով: Կիթառահարը նախատեսում է ծրագրերով, վարպետության դասերով հանդես գալ հանրապետության մարզերում և Արցախում: