կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-10 16:35
Տարածաշրջան

Թուրքիայի մեջլիսում նախատեսվում է պատիժ սահմանել «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» բառերի համար

Թուրքիայի մեջլիսում նախատեսվում է պատիժ սահմանել «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» բառերի համար

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները մշակել են 18 կետից բաղկացած մեջլիսի նոր ներքին կանոնադրության նախագիծ: Նպատակն այն է, որ խորհրդարանի կանոնադրությունը համապատասխանեցվի սահմանադրական փոփոխությունների հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Posta» թերթի՝ երկու կուսակցությունների ներկայացրած առաջարկի մեջ նշվում է, որ պատգամավորները խորհրդարանում «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորող կամ մեղադրական պնդումներ»  անելու դեպքում կհամարվեն կարգազանց և կպատժվեն ժամանակավոր հեռացումով և աշխատավարձի 2/3-ի չափի պահումով:

Ներկայացված առաջարկի տեքստում տրվում է նաև ազգ եզրույթի սահմանումը. «Ազգը պատմական գործընթացներում ձևավորված ընդհանուր արժեքների, ճակատագրի և ապագայի շուրջ համախմբված վերկրոնական և վերէթնիկ հանրույթն է»:

Ըստ այդ նախագծի՝ կպատժվեն նաև  այն պատգամավորները, որոնք Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական բաժանումները և բնակավայրերը կանվանեն սահմանադրությանը և օրենքներին հակասող անուններով: Այս կետը նախագծի մեջ ընդգրկվել է  ԱՇԿ-ի պահանջով և թիրախավորում է «Հայոց ցեղասպանություն» ու «Քուրդիստան» բառերը կիրառող պատգամավորներին:

Նոր կանոնադրությունը նախատեսում է նաև փոփոխել մեջլիսի նախագահի պարտադիր ֆրակ կրելու կետը: Մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի ցանկությամբ ավելացված կետով նախագահը և փոխնախագահները կարող են ֆրակի փոխարեն մուգ գույնի հագուստ կրել:

Մեկ այլ կետ էլ վերաբերում է պատգամավորների երդման արարողությանը: Ըստ այդ կետի՝ երդում չտվածները պատգամավոր չեն համարվի՝ չեն օգտվի պատգամավորին հատուկ իրավունքներից, աշխատավարձ չեն ստանա, նրանց խորհրդարանում գրասենյակ և օգնական չի տրամադրվի: