Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագծի) առողջապահական ոլորտին վերաբերող մասը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Նա նախ նշեց, որ պատգամավորների նպատակը առողջապահական համակարգը վատաբանելը չէ, քանի որ բոլորն են ուզում որ այդ համակարգը կայանա, ապա հետաքրքրվեց ուռուցքաբանության ոլորտի անմխիթար վիճակով:
«Ուռուցքաբանության ոլորտում վիճակը տխուր է: Նախկինում մեզ ասում էին, որ կենտրոն է կառուցվում, բայց այն դարձել է Հյուսիս-հարավ մայրուղու պես` կառուցվում-կառուցվում է, բայց վերջը չի երևում, իսկ այդ ընթացքում մարդիկ հիվանդանում, մահանում են»,- ասաց պատգամավորը:
Նա անդրադարձավ նաև պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների խնդրին: «Ապրիլյան պատերազմից հետո տեսանք, թե ինչպես վիրավոր զինծառայողին բուժելու համար ամբողջ գյուղով, քաղաքով, ֆեյսբուքով փող են հավաքում, այնինչ` դա պետության հոգսը պետք է լինի: Պետությունը պետք է առաջին իսկ պահից հոգա վիրավոր զինծառայողի հոգսը` մինչև նրա բուժվելը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ լավ գաղափար է այս դեպքում ներդնել ռեանիմոբիլների հարցը, շարժական կլինիկայի գաղափարը, որովհետև նոր հիվանդանոց կառուցելն ավելի թանկ է, քան շարժողական կլինիկա ունենալը:
Նախարարը, անդրադառնալով պատգամավորի բարձրացրած հարցերին, ասաց, որ, իհարկե, կարելի է մեկ, երկու, երեք ուռուցքաբանության կենտրոն կառուցել, սակայն եթե աճում է քաղցկեղով հիվանդների թիվը, ապա կենտրոն բացելն իմաստ չունի, հետևաբար` պետք է պայքարել այլ մեթոդներով:
«Առավել նպատակահարմար է, քիչ գումարներ ծախսելով, կանխել ուռուցքի առաջնային փուլերը, բայց զարկ տալ առողջ ապրելակերպին, որ մարդիկ սկսեն քիչ ծխել, կտրուկ բարձրացնել ծխախոտի գները, այդ գներից հատկացումներ կատարել առողջապահական բյուջե»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողների խնդիրներին, նա նշեց, որ, միանշանակ, դա պետության խնդիրը պետք է լինի` հոգալ զինծառայողի բուժման խնդիրները:
Պատգամավորն արձագանքեց, որ Ֆինլանդիայում, օրինակ, քաղցկեղով հիվանդ մարդուն չեն ասում` եթե դու չծխեիր, չէիր հիվանդանա, այլ միանգամից սկսում են բուժել:
«Ուռուցքաբանության համակարգը խայտառակ վիճակում է: Աստված ոչ անի` մեկը հիվանդանա, ոչ բոլորն են կարողանում գնալ Գերմանիա, ուստի պետությունը պետք է լուծի այս հարցը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խայտառակ վիճակ է` թե' դեղերի, թե' վիրաբուժական տեխնոլոգիաների հետ կապված:
Առողջապահության նախարարը համամիտ էր պատգամավորի դիտարկումների հետ, սակայն ընդգծեց, որ, առանց համապատասխան ֆինանսական միջոցների, խոսքերը դառնում են կենացներ: «Մենք ունենք 85 մլրդ դրամ, դա կհերիքի կա'մ սահմափակակ քանակով մարդկանց բուժելուն, կա'մ պետք է ամբողջ ազգը անցնի առողջ ապրելակերպի, պետք է ընտրենք»,- ասաց նա:
Պատգամավոր Արա Բաբլոյանը հավելեց, որ եթե մեկը ծովափում այրվածք է ստանում, դա նրա պրոբլեմն է, եթե մարդը որոշել է շատ ծխել, դա էլ նրա խնդիրն է, ուստի ճիշտ է ծխախոտը թանկացնել և այդ գումարներն ուղղել առողջապահական ոլորտին:
Պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հակադարձեց, որ չծխողներն էլ են քաղցկեղով հիվանդանում: