կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 11:45
Քաղաքական

Շենքերն ու տանիքները պետք է միասնական ոճ ունենան. Կարեն Կարապետյան

Շենքերն ու տանիքները պետք է միասնական ոճ ունենան. Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու մասին: Նա հիշեցրեց մարտի 23-ի հանձնարարականը և նշեց, որ այստեղ դեռ անելիքներ ունեն:

«Քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ, մոտեցում, հատկապես` շենքերի տանիքների մասով՝ ձև, նյութ, գույն և այլն: Նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն»,- ասաց վարչապետը և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություն նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների տանիքների արտաքին տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ:

Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին, քաղաքապետին գոյություն ունեցող բազմաբնակարանային շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածի ձևափոխումները վերացնելու նպատակով  հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել ժամանակացույց տանիքների և արտաքին այլ տարրեր պարունակող պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգրավմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

«Ինձ թվում է` խնդիրը պարզ է, եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»,- հավելեց վարչապետը: