Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում, որը ներառում է Կոտայքի մարզը, 5-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ստացել է 7226 ձայն: Այս քանակի ձայները, ըստ ամենայնի, Այվազյանին հնարավորություն չեն տա ընդգրկվելու 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների կազմում: Թեև Yerkir.am-ի հետ զրույցում Այվազյանը վստահեցրել էր՝ ամեն ինչ նորմալ է, ինքը վրդովված չէ, որ առաջիկա խորհրդարանում չի լինելու, բայց նրա խոսքից խորհրդարանում կրկին հայտնվելու ցանկությունը պարզապես «հորդում էր»:
Նշենք, որ ինչպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից շատերի դեպքում, այնպես էլ Վարդան Այվազյանի պարագայում 6-րդ գումարման խորհրդարանում լինել-չլինելու հարցին վերջնական լուծում դեռևս տրված չէ: Թեև խորհրդարանում հայտնվելու տրամաբանության հիմքում ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայների պարզ հաշվարկն է, բայց չի կարելի բացառել, որ քիչ ձայներ հավաքած թեկնածուները հայտնվեն խորհրդարանում՝ իրենցից ավելի շատ ձայն հավաքածների` պաշտոններում նշանակվելու պարագայում:
Այսօր արդեն Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունն է որոշում իր՝ խորհրդարանում լինել-չլինելու հարցը: «Ամեն ինչ պետք է որոշի կուսակցությունը, կուսակցությունը պետք է որոշի՝ ով որտեղ պետք է լինի: Կա կուսակցական համակարգ, կուսակցության ղեկավար»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նրան «վերադարձնեն» խորհրդարան, Այվազյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, սպասենք կուսակցության որոշմանը»:
Հավելենք նաև, որ թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ից ամենաշատ ձայն է ստացել Սամվել Սանամյանը` 12645 ձայն: Նրան հաջորդում են Անդրանիկ Հարությունյանը (11324 ձայն) և Արամ Հարությունյանը` (10808 ձայն):