Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հասարակական փակ վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծն ԱԺ-ում կքննարկի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ-ի այս որոշումը չի գոհացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նա ակնկալում էր նախագիծը քննարկել առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում:
«Օրենքն արդեն Ազգային ժողովում է: Սակայն այն գնացել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, ոչ թե առողջապահական՝ ինձ համար անհայտ պատճառներով»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ միգուցե փորձի բացատրելով փոխել հանձնաժողովը, քանի որ օրենքն առողջապահական է, ոչ թե տնտեսական:
Նախարարը նկատեց՝ եթե դա չստացվի, ապա նախագիծը կքննարկվի տնտեսական հարցերի հանձնաժողովում: «Սակայն լավ չեմ պատկերացնում, թե ինչ պետք է քննարկենք տնտեսագետների հետ օրենքի մասով»,-նշեց Թորոսյանն ու շեշտեց՝ իրենց մտադրությունները նույնն են՝ ուզում են օրենքն ընդունվի արագ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց՝ ԱԺ նախագահն է որոշում, թե նախագիծը որ հանձնաժողովում պետք է քննարկվի: «Այդպես է որոշվել, քանի որ այդ նախագիծը, բացի առողջապահությունից, ունի նաև տնտեսական հետևանքներ, տնտեսական ազդեցությունը շատ մեծ է։ Սակայն դա չի նշանակում, թե հարցը միայն տնտեսական տեսանկյունից է քննարկվելու»,-ասաց Թունյանն ու նշեց՝ հանձնաժողովի նիստում կարող են լինել նաև առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Նա նկատեց, որ բոլոր հանձնաժողովներից էլ անդամներ կարող են ներկայացված լինել կոնկրետ հանձնաժողովի նիստի: Թունյանը վստահ է՝ առողջապահության հարցերով հանձնաժողովից հաստատ կմասնակցեն իրենց քննարկումներին:
Թունյանի խոսքով՝ նախագիծը հանձնաժողովում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա ընթացքում: