Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի բնակիչների հետ:
ՀՀ բնապահպանության նախարար, Արմավիրի մարզում ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածու Արծվիկ Մինասյանն իր խոսքում ասաց՝ թիվ 6 ընտրատարածքում կուսակցությունն առաջադրել է 15 թեկնածուի, որոնց կենսագրությանն ու անցած ուղուն ծանոթանալով՝ վստահաբար կարելի է ասել, որ նրանք ժողովրդի պատգամավորը, ներկայացուցիչն են լինելու խորհրդարանում: Մինասյանի խոսքով՝ առաջիկա Ազգային ժողովը լինելու է Հայաստանի զարգացման, արդար Հայաստանի կերտման հիմնադիր խորհրդարանը: «Այս ընտրությունները մեր երկրի, պետականության, Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի համար լինելու են կարևոր նշանակության ընտրություններ: Ինչպիսի պառլամենտ կձևավորենք, այնպիսին էլ կլինի մեր առաջիկա հինգ տարվա կյանքը: Եթե մենք ուզում ենք ձևավորել բարեկեցիկ երկիր, անվտանգություն երաշխավորող, տնտեսական ու սոցիալական աճ ունեցող երկիր, ուրեմն մենք պետք է պատասխանատվությամբ ապրիլի 2-ին գնանք տեղամաս և քվեարկեք համար 9 բյուլետենի օգտին: 9-րդ բյուլետենը Հայ Հեղափոխական դաշնակցության քվեաթերթիկն է: Այստեղ դուք կգտնեք մեր թեկնածուներին: Ձեր նախընրած թեկնածուին կարող եք տալ ձեր ձայնը, ինչը նշանակում է խորհրդարան գործուղել առաջիկա Ազգային ժողովի ամբողջ հինգ տարվա աշխատանքների ամենապատասխանատու անձին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ Հայաստանի զարգացումն այսօր կարիք ունի կայուն հենք տեղափոխելու. «Թեև մեզ մոտ անընդհատ խոսում են տնտեսական աճի մասին՝ ցավոք, այդ աճը մեր քաղաքացիներց շատերը, եթե չասեմ մեծամասնությունը կամ 99 տոկոսը չի զգում իր վրա, որովհետև նախ՝ այդ աճը որակյալ չէ, այն չի բաշխվում քաղաքացիներից շատերի եկամտի տեսքով: Այն, ցավոք, մեկ խումբ մարդկանց ձեռքում է կենտրոնացված այսօր, այն հաշվի չի առնում սոցիալական գործոնը, աշխատակիցների կամ գործազուրկների պահանջմունքները, էկոլոգիական խնդիրները: Այդպիսի աճը վերափոխելու համար անհրաժեշտ է, որ հաշվի առնվի երեք հիմնական մոտեցում՝ սոցիալական, էկոլոգիական և տնտեսական: Այս բոլոր գործոնների հաշվառմամբ է, որ մենք կարող ենք որակյալ տնտեսական աճ ունենալ: Ուրեմն մեր ծրագրային դրույթի առաջին պահանջը, պայմանն է ստեղծել կայուն զարգացման իրական հիմք, որպեսզի յուրաքանչյուր աշխատող անձ կամ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ վստահ լինի, որ այդ կայուն զարգացման համատեքստում կունենա հասանելի ֆինանսներ, կարող է արտադրություն կազմակերպել, կարող է իրացնել դրանք և հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ ստանան իրենց հասանելիք արդար վարձն այդ եկամուտից»:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ երկրորդ կարևոր հենասյունը համերշախ ու արդար Հայաստանի ձևավորումն է, անհրաժեշտ է հիմնովին վերափոխել մեր մոտեցումները, պետական կառավարման համակարգը. սա նաև նշանակում է դատական իշխանության վերափոխումից սկսած մինչև քաղաքացիների հարաբերություններ: Նրա խոսքով՝ ներկա և ապագա սերունդները պետք է զգան, որ պատասխնատու մոտեցում ունենք իրենց կյանքի և ամենօրյա գործունեության հանդեպ: «Երրորդ կարևոր հենասյունը կամ նպատակը, որ մենք դրել ենք, անվտանգ Հայաստանի կերտումն է՝ այնպիսի անվտանգ Հայաստան, որը կապահովի մեր պաշտպանությունը թե՛ արտաքին թշնամիներից, թե՛ ներքին կյանքում քաղաքացիների առօրյա գործունեության ընթացքում անվտանգ, երաշխավորված, ապահով երկիր կառուցելը: Այս երեք հենասյուները մեզնից յուրաքանչյուրից պահանջում ու պարտադրում են ապրիլի 2-ի ընտրություններին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ: Ես ձեզ խնդրում եմ՝ Դաշնակցության ու նրա թեկնածուների քարոզը տարեք տուն առ տուն, անձ առ անձ, ներկայացրեք ծրագրերը, մեր թեկնածուների առավելությունները»: Մինասյանն ասած, որ իրենց շարքերում կան այնպիսի մասնագետներ, որոնց գիտելիքները կարող են ծառայել ի նպաստ Հայաստանի:
Նշենք նաև, որ հանդիպման ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի հիշատակը: «Վճռականորեն ասենք, որ ուզում ենք այնպիսի Հայաստան կառուցել, որ բացառենք նման դեպքերը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: