Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց թմրամիջոցների իրացմամբ զբաղվող կազմակերպված խմբի ղեկավար` Սպո մականվամբ հայտնի Մխիթար Սամսոնյանի գործով դատավճիռը:
Գործով ամբաստանյալ` 51-ամյա Մխիթար Սամսոնյանը, ով նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով և դատապարտվեց 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Մասնավորապես` Սամսոնյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ մասով (մաքսանենգությունը) և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացումը) նախատեսված հանցանքը կատարելու համար:
Դատարանի վճռով՝ գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված մեթադոն և կոկաին տեսակի թմրանյութերը կոչնչացվեն դատավճռի` օրինական ուժի մտնելուց հետո:
Նշենք, որ Սամսոնյանը կալանքի տակ է 2015-ի հունվարից: Նա խնամքին ունի երկու անչափահաս երեխա, երկրորդ կարգի հաշմանդամ է, տառապում է հեպատիտ C հիվանդությամբ:
Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալը կորցրեց ինքնատիրապետումն ու սկսեց հայհոյանքներ ու անեծքներ հնչեցնել գործով մեղադրող դատախազ Ա. Արամյանի հասցեին: «Սաղ քո էրեխեքի քթից ա դուրս գալու: Եթե սաղ մնամ, դատախազության դեմը ճակատիցդ խփելու եմ…»,- հայտարարեց նա:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամսոնյանը 2013թ. կազմել է խումբ՝ դրանում ընդգրկելով նաև իր աներձագին` Է. Միսակյանին, և նրա ծանոթ Է. Բադալյանին: Նրանց հանձնարարել է ՌԴ-ից Հայաստան տեղափոխել թմրանյութ: 13.07.2013թ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերելով առաջին խմբաքանակը` նրանք փորձել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված թմրամիջոցները ուղիղ աղիքում տեղավորելու եղանակով ինքնաթիռով տեղափոխել Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության գոտուց դուրս գալուց հետո ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են հանցագործությունը, և «Իզմիրլյան» ԲԿ-ում բժիշկների միջամտությամբ դրանք հանել են Է. Բադալյանի օրգանիզմից:
Նշենք, որ խմբի մյուս երկու անդամները՝ Է Բադալյանն ու Է. Միսակյանը, դեռևս 2015-ի օգոստոսի 31-ին Մալաթիայի դատավոր Կարեն Ֆարխոյանի դատավճռով դատապարտվել էին 10 տարի ժամկետով ազատազրկման:
Համաձայն երկու անդամների մասով կայացված դատական ակտի՝ Սպո մականունով Մխիթար Ս.-ն իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, Ռուսաստանից Հայաստան մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու համար 2013 թվականի հուլիսին կազմավորել է խումբ, դրանում ընդգրկել է իր աներձագ` 36-ամյա Էդիկ Մ.-ին ու ծանոթին՝ 32-ամյա Էդգար Բ.-ին:
Ըստ դերաբաշխման՝ Սանկտ Պետերբուրգում թմրամիջոցների ձեռքբերումը, դրանք Հայաստան տեղափոխելու նախապատրաստումը հանձնարարված է եղել Էդիկ Մ.-ին: Թմրամիջոցները Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու գործընթացը հանձնարարվել է Էդգար Բ.-ին, իսկ խմբի գործունեությունը ղեկավարել, անհրաժեշտ նյութական միջոցները տրամադրել և թմրամիջոցների իրացումը ստանձնել է ինքը՝ Սպոն:
Փաստական տվյալների համաձայն՝ 2013 թվականի հուլիսին Էդիկը Սանկտ Պետերբուրգում գնչուհի Կլավա անունով մի կնոջ հետ պայմանավորվել է թմրամիջոցների ձեռք բերման հարցով: Նա Սպոյի հատկացրած միջոցներով ձեռք է բերել թմրամիջոցների առաջին խմբաքանակը, համապատասխան ձևով փաթեթավորել ու տրամադրել է Սանկտ Պետերբուրգ ժամանած Էդգար Բ.-ին: Վերջինս փաթեթները տեղավորել է իր ուղիղ աղիքում և հուլիսի 17-ին ինքնաթիռով ժամանել Հայաստան՝ թմրամիջոցները մաքսանենգությամբ տեղափոխելով Երևան:
Երկրորդ խմբաքանակը Էդիկը ձեռք է բերել մեկ ամիս անց՝ դարձյալ գնչուհի Կլավայից: Փաթեթավորել է, հանձնել Էդգարին, ով տեղավորել է համապատասխան տեղում ու տեղափոխել Հայաստան: 2013 թվականի հոկտեմբերի 5-ին Էդգար Բ.-ն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար Սպոյիցստացել է ճանապարհածախսի գումարը, պայմանավորվել է, որ թմրամիջոցների նոր խմբաքանակ լինելուն պես այն պետք է բերի Հայաստան: Հոկտեմբերի վերջին Երևանում գտնվող Էդիկը հեռախոսակապով գնչուհի Կլավայի հետ պայմանավորվել է, որ նա թմրամիջոցների խմբաքանակը հանձնի Սանկտ Պետերբուրգ գնացող Էդգարին: Վերջինս նոյեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է գնչուհի Կլավային, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 1 կգ 944 գ քաշով կոկաին և 45,300 գրամ քաշով մեթադոն տեսակի թմրամիջոցներ, դրանց համար վճարել է 109 հազար ռուսական ռուբլի: Թմրամիջոցները համապատասխան ձևով փաթեթավորել է, տեղավորել է իր ուղիղ աղիքում և նոյեմբերի 4-ին ինքնաթիռով ժամանել է Երևան՝ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխելով վերը հիշատակված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները:
«Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալու ժամանակ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ստուգման են ենթարկել Էդգարի ուղեբեռը, բացահայտել են նրա ներքին օրգանում թաքցված թմրամիջոցները, որից հետո Էդգար Բ.-ին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ բժշկական միջամտությամբ թմրամիջոցները հանվել են Էդգարի օրգանիզմից:
Հիշյալ գործով դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ:
Հաշվի առնելով այս գործով ապացուցված համարված փաստական տվյալները` կանխատեսելի էր, որ խմբի ղեկավար Սպոյի նկատմամբ նմանօրինակ կամ ավելի խիստ դատավճիռ կկայացվեր: