|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում էր ՎՊ նախագահի թեկնածությունը: ՀՀ նախագահի առաջարկով` ՎՊ նախագահի թեկնածու է առաջադրվել Լևոն Յոլյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց: «Դուք մտնում եք մի դաշտ, որտեղ հեշտ է շփոթվելը, թե որ ծայրից պետք է սկսել, որովհետև երկրում բոլոր ոլորտներում համատարած ձախողումներ են: Ո՞րն է լինելու ձեր քաղաքական մոտեցումը, թե որ ուղղությունից պետք է սկսել: Կունենա՞ք քաղաքական համարձակություն ինչ-որ բան անելու»,- հարցրեց նա:
Պատգամավորը նշեց նաև, որ Յոլյանը մի քանի ամիս աշխատել է որպես էներգետիկայի նախարար, ապա հարցրեց` արդյո՞ք հասցրել է նկատել այդ համակարգում տիրող համատարած կոռուպցիան, թերությունները` ուռճացրած ապարատ, գազի գին, հոսանքի գին: Մանուկյանը նաև ՎՊ պաշտոնաթող նախագահ Իշխան Զաքարյանի վերաբերյալ հարց ուղղեց` արդյո՞ք նա ձեռքերը թափ տվեց ու մտավ քաղաքականության մեջ, թե՞ դա ժամանակավոր փոխատեղում է:
Լևոն Յոլյանը պատասխանեց, որ էներգետիկայի նախարարի պաշտոնից հեռացել է բավարարվածության ու գոհունակության զգացումով: Էներգետիկայի ոլորտում էլ, կարծում է, բավական շատ դրական տեղաշարժեր են արձանագրվել իր ղեկավարման ժամանակ: Իշխան Զաքարյանին վերաբերող հարցին Յոլյանը խուսափեց պատասխանել:
Արամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Շախմատում դու քայլ չես կարող չանել, բայց եթե չեք պատասխանում, Ձեր գործն է»:
«Իմ առջև երբեք տաբուներ չեն եղել»,- արձագանքեց Յոլյանը` ակնարկելով, որ ինքը կարող է ազատ գործել, բայց չի ցանկանում ժամանակ վատնել նախորդների սխալները ուղղելու վրա, այլ ցանկանում է առաջ նայել: Նա նշեց, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, և որ ՎՊ նախագահը չպետք է քաղաքական որևէ կուսակցության անդամ լինի: