կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 10:30
Սպորտ

Հայտնի են նետաձգության Հայաստանի չեմպիոնները

Հայտնի են նետաձգության Հայաստանի չեմպիոնները

Երեւանի Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ծածկած տարածքում նետաձգության Հայաստանի առաջնությունը: Ընդհանուր առմամբ, մասնակցեց 77 մարզիկ: Նրանք մրցեցին 18 մետր մրցատարածությունում:

Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր դարձան`

Տղամարդիկ` Վիգեն Սմբատյան, Հրաչիկ Վարդանյան, Վասիլ Շահնազարյան

Կանայք` Հայկուհի Մարգարյան, Իրինա Գրիգորյան, Մերի Խաչատրյան:

Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ հանրապետությունում նետաձգությամբ զբաղվողների թիվը տարեցտարի ավելանում է.

«Եթե նախորդ առաջնությանը մասնակցում էր 55 նետաձիգ, այս տարի կրակագիծ է եկել 77-ը, ինչը մարզաձեւի տարածման ուղղությամբ ֆեդերացիայի կատարած աշխատաքի արդյունք է: Անցած տարի Շենգավիթ համայնքում բացվեց ֆեդերացիայի ակումբը, խմբակներ են բացվել թիվ 104 եւ 194 հանրակրթական դպրոցում, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարզվողների թիվն արդեն հատել է 80-ի սահմանը: Ուրախալի է, որ նշածս դպրոցների սաները նույնպես մասնակցեցին այս առաջնությանը:

Մտադիր ենք նետաձգությունը զարգացնել նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Էջմիածնում, մյուս մարզերում, որտեղ հնարավոր է: Տարիների երազանքն աստիճանաբար իրականանում է, բայց դրան զուգահեռ արդեն գույքի պակսություն է զգացվում: Ֆեդերացիան ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը տեղեկացված են այդ մասին եւ մտածում են հարցը կարգավորելու ճանապարհների մասին»,- ասել է Բորիս Վասիլյանը: