Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում շուտով ընտրություններ են լինելու, և մշակույթի գործիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց տեսակետներն ու ակնկալիքները ընտրական պրոցեսից:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ նախընտրական վիճակը լի է բազմաթիվ աղետներով: Ըստ նրա` մեզ մոտ ստեղծվել է քաղաքական էլիտա, որն անընդհատ վերարտադրվում է. մարդկանց մոտ կարծես սովորություն է դարձել պաշտոնյա լինելը:
«131 ընտրյալը շատ չէ՞ մեր փոքրիկ երկրի համար, չէ՞ որ պատգամավորները մեր աշխատավարձերից են սնվում: Կարծում եմ` պետք է պատգամավորների թիվը կրճատել` հասցնելով 61-ի կամ 31-ի: Ասում են` խնայել է պետք, շատ լավ, հենց այստեղ պետք է խնայել. արագ կոճակ սեղմողների թիվը շատ-շատ է»,- ասաց Գասպարյանը:
Նա նշեց նաև, որ այս տարիների ընթացքում միայն վատ բաներ տեսանք` արտագաղթ, հուսահատություն, տնտեսական անկում, իսկ հիմա մեզ փոփոխություններ են հարկավոր, նոր մարդիկ են անհրաժեշտ, որ գան ու սայլը տեղից շարժեն: «Նորից ընտրակաշառք են բաժանելու ու մարդկանց խաբելու: Կաշառք վերցնողները պետք է իրենց ուզած թեկնածուի օգտին քվեարկեն, խղճի մտոք իրենց ձայնը տան»,- նշեց գրականագետը:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ նշեց, որ երկրում անվստահության մթնոլորտ է, բացի այդ` տնտեսական անկումը հանգեցնում է արտագաղթի ու հիասթափության: Ըստ նկարչի` գալիք ընտրությունները ճակատագրական կլինեն մեզ համար` կա՛մ ինչ-որ բան կփոխվի, կա՛մ դեպի անկում կգնանք: «Մեր աչքի առաջ երկիրը մսխվում է, հասարակությունը բարոյազրկված է, քաղաքական գործիչների մասին էլ չասեմ: Բոլորը դաշինք են կազմում, և այնպիսի տպավորություն է` դաշինքով ժողովրդի դեմ են դուրս գալու: Պետք է վերանայենք մեր սխալները, այսպես այլևս անհնար է»,- ասաց Շահումյանը: