կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-04 14:11
Քաղաքական

ՀՀԿ-ն «կկորցնի՞» Արարատի մարզը

ՀՀԿ-ն «կկորցնի՞» Արարատի մարզը

Մեր երկրի համար այս կարևոր քաղաքական փուլում, երբ խորհրդարանական առաջիկա ընտրություններից հետո ԱԺ-ն դառնալու է գլխավոր քաղաքական ինստիտուտը, հետաքրքիր իրադարձություններ են զարգանում իշխող կուսակցությունում:

Հարկ է  նշել, որ ՀՀ Արարատի մարզը միշտ աչքի է ընկել իր` այսպես ասած, իշխանամետությամբ: Այս մարզում Հանրապետական կուսակցությունը միշտ ունեցել է մեծ ընտրազանգված: Սա թերևս պայմանավորված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործոնով:  Բոլորին է հայտնի, որ Հովիկ Աբրահամյանը մեծ լծակների է տիրապետում Արարատի մարզում: Սակայն նկատում ենք, որ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալուց հետո Արարատի ՀՀԿ կառույցից մեկը մյուսի ետևից դուրս են գալիս նախկին վարչապետի կադրերը, որոնք պատահական մարդիկ չեն և զբաղեցնում են տարբեր պաշտոններ: Մեկ օրվա մեջ Արարատի ՀՀԿ կառույցը լքել է 13 պաշտոնյա: Թեև ՀՀԿ-ից հավաստիացնում են, որ այդտեղ արտառոց ոչինչ չկա, բայց հասկանալի է, որ սա չի կարող չազդել այս մարզում ընտրությունների արդյունքների վրա: Թերևս այստեղ տեղին է հիշեցնել 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունները, երբ Արարատի մարզում Հանրապետականը գրանցել է 76 604 քվե:

Գիտակցելով, որ այս մարզում կարող է շատ լուրջ ընտրազանգված կորցնել, որովհետև զրկվել է նախկին վարչապետի լծակներից, ՀՀԿ-ն փորձում է մարզում ակտիվացնել մեկ այլ կլան:

Գուցե իշխող կուսակցությունը ընտրություններից առաջ նման զարգացումներ չէր սպասում, գուցե չէր հաշվարկել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է «նեղանալ», քանի որ մինչ Հովիկ Աբրահամյանի հայտնի հայտարարությունը, ՀՀԿ ամենաբարձր պաշտոնյաներն անգամ հավաստիացնում էին, թե Աբրահամյանն իրենց թիմի անդամ է:

Եվ հիմա ՀՀԿ-ն, փորձելով դուրս գալ այս վիճակից, Արարատի մարզում ընտրազանգվածի կորուստը մինիմալի հասցնելու համար, ակտիվ խաղի մեջ է մտցնում իր բոլոր հնարավոր տարբերակները: Արդեն իսկ նշվում  է, որ Արարատի կառույցի պատասխանատու կնշանակվի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով շտապեց հայտարարել, որ վերադառնում է աշխատելու և բոլորովին էլ խնդիր չունի Հովիկ Աբրահամյանի հետ: Ի դեպ, Ալիկ Սարգսյանը ՀՀԿ Արարատի կառույցի պատասխանատու է նշանակվում Հովիկ Աբրահմյանի զարմուհու` ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փոխարեն, ով ևս ՀՀԿ-ն լքողներից է:

Մեզ մնում է սպասել և տեսնել, թե ՀՀԿ-ի ջանքերը` «չկորցնել» Արարատի մարզը, ի՞նչ արդյունքներ կտան:  

 

Ամալյա Առաքելյան