կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 14:30
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորն ափսոսում է Հովիկ Աբրահամյանի եւ Մհեր Սեդրակյանի համար

ՀՀԿ-ական պատգամավորն ափսոսում է Հովիկ Աբրահամյանի եւ Մհեր Սեդրակյանի համար

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը խոսեց ներքաղաքական հարցերից: Նրա համոզմամբ՝ այս խորհրդարանական ընտրությունները կտարբերվեն նախորդ բոլոր ընտրություններից մի պարզ պատճառով, որ փոխվել է Սահմանադրությունը, անցում է կատարվել խորհրդարանական համակարգին, ինչը հանգեցնելու է խորհրդարանի լծակների ավելացմանը:

Հարցին, թե ինքը ցանկանո՞ւմ է կրկին լինել խորհրդարանում, Արտակ Դավթյանը պատասխանեց, որ ունի ցանկություն, բայց պետք է լինի նաև կուսակցության ցանկությունը, որոշ ժամանակ անց պարզ կլինի` ինքը կլինի՞ ցուցակում, թե՞ ոչ:

Պատգամավորը դեռևս տեղյակ չէ, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ՀՀԿ նախընտրական ցուցակը: Նա հորդորեց մի քանի օր էլ սպասել:

Ըստ Դավթյանի` Գագիկ Ծառուկյանի իրավունքն է ու որոշելիք` վերադառնալ քաղաքականություն կամ չվերադառնալ, և եթե նրա գործողությունները տեղավորվում են Սահմանադրության և օրենքների շրջանակում, ապա դա նրա իրավունքն է:

Ինչ վերաբերում է կարկառուն ՀՀԿ-ականների կողմից ՀՀԿ-ն լքելուն, ապա պատգամավորը ափսոսանք հայտնեց թե' Հովիկ Աբրահամյանի, թե' Մհեր Սեդրակյանի համար: Ըստ նրա` նորմալ է նաև, որ 15,20 տարի մարդը լինի մի կուսակցության մեջ, հետո իր մոտեցումներն ու գաղափարները փոխի:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին, Դավթյանը խուսափեց պատասխանել. «Իմ իրավունքն է չմեկնաբանել, չեմ մեկնաբանում»: