Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում քննարկվել է խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ խոսել է Սեդրակյանի հետ, քննարկել են տեղի ունեցածը:
«Ինձ թվում է՝ դա եղել է պարզապես բորբոքվածություն... Նման հայհոյանք չի եղել, նա ժխտում է, որ եղել է: Ինձ թվում է, որ նման միջադեպերը մենք պետք է կանխենք, նաև զրուցել ենք պարոն Սեդրակյանի հետ, բայց նաև կոչ եմ անում, որ լրագրողները նույնպես զգոն լինեն` իրենց փոխադարձ վերաբերմունքի հետ կապված: Նման միջադեպեր լինում են բոլոր տեղերում»,- ասաց Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե լրագրողական կազմակերպությունները դիմել էին, որ կարգապահական տույժի ենթարկեն Սեդրակյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ իրենք այդ հարցը ևս քննարկել են:
«Նման տիպի հայհոյանքներ չեն եղել. ես նորից ձայնագրությունը նայեցի: Եվ նա հրաժարվում է հայհոյանքից, պարզապես ցանկացել է, որ հետո սենյակում առանձին զրուցի լրագրողի հետ` որպես իր տղայի տարիքի անձնավորություն, որը չի ստացվել: Ինձ թվում է՝ նրանք առանձնազրույց կունենան ու այդ ճշտումները կկատարեն»,- ասաց նա:
Հարցին՝ կարգապահական տույժի հետ կապված որևէ բան չի՞ նախաձեռնվել, Բաղդասարյանը պատասխանեց, որ դրանով Էթիկայի հանձնաժողովն է զբաղվում, և եթե նման բան լինի, կքննարկվի:
«Այդ տեսագրությունում կար բորբոքվածություն, բայց ես հայհոյանք չեմ լսել: Ես հենց նոր, նրա ներկայությամբ, նայեցի»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: