կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 12:10
Քաղաքական

«Նորմալ է, «Ժառանգությանը» բնորոշ». Արմեն Մարտիրոսյանը՝ կուսակցությունում տիրող իրավիճակի մասին

«Նորմալ է, «Ժառանգությանը» բնորոշ». Արմեն Մարտիրոսյանը՝ կուսակցությունում տիրող իրավիճակի մասին

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը թեև դեմ է դաշինքով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, այդուհանդերձ, «Ժառանգություն» կուսակցությունը բոլոր ուժերի հետ էլ քննարկումներ է անցկացնում: Այս մասին Yerkir.am–ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հավաստիացնելով, որ դա նորմալ է և «Ժառանգությանը» բնորոշ:

«Ես ասել եմ, որ պետք է անպայման դաշինքո՞վ գնանք: Տիկին Փոստանջյանի կարծիքն այն է, որ միայնակ գնանք, շատ լավ»,- ասաց Մարտիրոսյանը:

Հետաքրքրվեցինք, թե նրա համար մասնակցության ո՞ր ձևն է նախընտրելի` դաշինքո՞վ, թե՞ առանձին: Մարտիրոսյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ նայած ինչ խնդիր ենք դնում և համապատասխան լուծում առաջարկում: Խնդրի լուծումը կլինի՞, թե ո՞չ, արդեն քննարկումները ցույց կտան»:

Այդուհանդերձ, նա վստահ է, որ եթե «Ժառանգություն»-ը միայնակ էլ գնա ընտրություններին, կհաղթահարի անցողիկ շեմը: «Բացարձակ որևէ խնդիր չեմ տեսնում` միայնակ կգնանք, թե` դաշինքով: Ուղղակի մենք մտածում ենք, որ իսկապես շատ ճգնաժամային վիճակ է երկրում, և եթե փոփոխություններ տեղի չունենան, ապա շատ վատ վիճակում ենք հայտնվելու մոտակա մեկ, երկու տարին` արտագաղթի տեմպերը կխորանան և այլն, և այլն: Ուստի, որպեսզի կարողանանք իրավիճակ փոխել, համատեղ ջանքեր են անհրաժեշտ, այդ իսկ պատճառով քննարկումներ ենք անցկացնում մեր գործընկերների հետ հնարավոր լուծումների ուղղությամբ: Եթե տեսնենք, որ այդ լուծումները չեն ստացվում, մեր պատկերացումներն իրար չեն համապատասխանում, այդ դեպքում շատ հանգիստ «Ժառանգություն»-ը մինիմալի խնդիր կարող է լուծել»,- ասաց Մարտիրոսյանը:

Հարցին` խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այդ քննարկումներին մասնակցո՞ւմ է, նա պատասխանեց. «Ոչ, տարբեր ուժերի հետ մեր այդ քննարկումներին տիկին Փոստանջյանը չի մասնակցում, բայց դա չի նշանակում, որ նա կաշկանդված է  ինչ-որ մեկի հետ հանդիպելու հարցում: Նա` որպես քաղաքական գործիչ, որպես պատգամավոր, հանգիստ կարող է հանդիպումներ ունենալ և շփվել քաղաքական դաշտից ում հետ, որ կցանկանա»:

Մեր դիտարկմանը` ստացվում է խմբակցության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունենում, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը` որպես թիմ, առանձին, Մարիտրոսյանն արձագանքեց. «Ոչ, «Ժառանգություն»-ը մի փոքր ավելի բաց կուսակցություն է, քան մնացածները, դրա համար մեզ մոտ ինչ-որ մեկը շատ հանգիստ կարող է  այլ հանդիպումներ ունենալ, մեզ մոտ ոչ միայն տիկին Փոստանջյանի, այլև առհասարակ որևէ մեկի մոտ սահմանափակում չկա, որ եթե ուզենա ինչ-որ մեկի հետ հանդիպել, չհանդիպի»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Մարտիրոսյանը նշեց, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում նա կվերադառնա Հայաստան, հետո պարզ կդառնա ամեն ինչ:

Փորձեցինք պարզել նաև` արդյո՞ք ճիշտ են այն  լուրերը, որ ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը պատրաստվում է դուրս գալ «Ժառանգություն» կուսակցությունից: Մարտիրոսյանը նշեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

Ի դեպ, Yerkir.am-ը կապ հաստատեց նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանի հետ` ճշտելու այդ տեղեկությունը: Բախշյանը նշեց, որ այս պահին դեռ «Ժառանգություն» կուսակցության անդամ, իսկ այլ հարցերի դեռ չի պատասխանի: